Մատչելիության հղումներ

Ամերիկացիները վերստին քննարկում են Գաբալայի ռադարի հարցը


«Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը շատ հարմար վայրում է տեղադրված, եւ համատեղ շահագործման դեպքում դա կլիներ չափազանց արդյունավետ համակարգ», - հայտարարել է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն գեներալ-լեյտենանտ Փաթրիք Օ'Ռեյլին:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, խոսելով հակահրթիռային պաշտպանության խնդրում ռուսական կողմի հետ համագործակցության մասին` Օ'Ռեյլին ասել է, որ «անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նախկինում եղել են տարաձայնություններ, բայց որքան Իրանը եւ Հյուսիսային Կորեան շարունակում են դրսեւորել իրենց հնարավորությունները, այնքան այդ տարաձայնությունները հարթվում են»:

Գեներալ-լեյտենանտ Օ'Ռեյլիի խոսքերով, հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայումը Չեխիայում կարող է ավարտվել 4,5, իսկ Լեհաստանում՝ 5 տարում:

Ըստ «Ռոյթերզ»-ի, այդ ժամանակացույցը կարեւոր է պաշտոնական Վաշինգտոնի համար, քանի որ, ամերիկացի մասնագետների համոզմամբ, Իրանը ի զորու կլինի քիմիական, կենսաբանական կամ միջուկային մարտագլխիկներ կրող հեռահար հրթիռներ ստեղծել 2105 թվականին:

Թե’ պաշտոնական Վարշավան եւ թե’ Պրահան հայտարարել են, որ չեն վավերացնի պայմանագրերը, քանի դեռ չեն ստանա հստակ հավաստիացումներ առ այն, որ Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղադրելու խնդրում Բարաք Օբամայի վարչակազմի դիրքորոշումը չի տարբերվում նախորդ՝ Ջորջ Բուշի վարչակազմի մոտեցումներից:

Չեխիայում ռադար եւ Լեհաստանում 10 հրթիռների կայանք տեղակայելու ամերիկացիների նախաձեռնությունը պաշտոնական Մոսկվան դիտում է իբրեւ սպառնալիք:

Ռազմավարական սպառազինությունների կրճատման բանակցություններում ամերիկացի ավագ բանագնաց Ռիչարդ Բարթը «Ռոյթերզ»-ին ասել է, որ «Օբամայի վարչակազմը, ինչպես նաեւ Պենտագոնը ցանկանում են համագործակցել եւ գտնել հակահրթիռային համակարգի հարցում տեխնիկական լուծումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG