Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը կրկին շեշտում է Ղարաբաղի՝ բանակցային կողմ լինելու անհրաժեշտությունը


«Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է եւ քննարկման ենթակա չէ», - ուրբաթ օրը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում մեկնարկած խորհրդաժողովին, որը նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին եւ Արցախյան հիմնախնդրին: - «Արցախը, որ հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնական կողմը, այսօր դուրս է մնացել բանակցություններից, եւ մենք պետք է հասնենք այդ կարեւոր սկզբունքի վերականգնմանը: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար է իրականացնել որեւէ որոշում»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Սահակյանը ասաց. - «Միանշանակ է, որ հայ-թուրքական հարաբերություններում որեւէ տեղաշաժ չպիտի եւ չի կարող իրականացվել՝ ի վնաս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման»:

Խորհրդաժողովի կազմակերպիչ Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը իր ելույթում կարծիք հայտնեց, թե «չկա առանձին Ղարաբաղի հարց եւ չկա առանձին հայ-թուրքական հարաբերություննների հարց». - «Ամեն բան փոխկապակցված է: Միամտություն է կարծել, թե կարելի է զիջել ազգային որեւէ հարցում՝ չվտանգելով ամբողջը: Ընդհակառակը՝ մի հարցում զիջելը շղթայական զիջումներ է պարտադրելու այլ ասպարեզներում: Այս առումով համոզված եմ՝ պաշտոնական Ստեփանակերտը, ընդհանրապես Արցախն ու արցախցին հենց Արցախի շահերից ելնելով, իրավունք չունեն անտարբեր լինել Հայ դատի պայքարի հարթակում»:

«Մենք հավաքվել ենք քննարկելու մեր ժամանակների համար ազգային, պետական կարեւորագույն հիմահարցերը», - շարունակեց Մարգարյանը: - «Որովհետեւ վտանգներ ենք տեսնում, սխալ ընթացք ենք տեսնում, ինչը կարող է ծանր հետեւանքներ ունենալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG