Մատչելիության հղումներ

Ալիեւի փեսան պատրաստվում է մենահամերգ տալ Բաքվում


Լեյլա Ալիեւայի եւ Էմին Աղալարովի հարսանիքը, Բաքու, 30 ապրիլի, 2006
Լեյլա Ալիեւայի եւ Էմին Աղալարովի հարսանիքը, Բաքու, 30 ապրիլի, 2006

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փեսան` փոփ երգիչ Էմին Աղալարովը, հուլիսի 17-ին իր առաջին մենահամերգը կանցկացնի Բաքվում: Համերգը տեղի կունենա մայրաքաղաքի «Կանաչ թատրոն»-ում:

Չնայած տոմսերի արժեքը 100 դոլարից է սկսվում, այսօր արդեն անհնար է գտնել դրանք տոմսարկղերում. Ադրբեջանի նախագահի փեսայի համերգի բոլոր տոմսերը վաղուց վաճառված են:

Էմին Աղալարովը Իլհամ Ալիեւի ավագ դստեր` Լեյլա Ալիեւայի ամուսինն է` մոսկվացի հայտնի գործարար Արազ Աղալարովի որդին: Նա Մոսկվայում ղեկավարում է հոր հիմնադրած «Կրոկուս Ինթերնեյշնըլ» ընկերությունը:

Մոսկվայում Աղալարովների ընտանիքի սեփականությունն է «Կրոկուս Սիթի Մոլ» առեւտրի կենտրոնը եւ մի քանի այլ նման կենտրոններ:

Աղալարովները Մոսկվայում նաեւ այնպիսի հայտնի եւ թանկարժեք առեւտրային բրենդների ներկայացուցիչներն են, ինչպիսին Sergio Rossi-ն եւ Emanuel Ungaro-ն են:

Էմինն ու Լեյլան ամուսնացել են 2006 թվականի ապրիլին: Դրա նախորդ տարին, Forbes հանդեսի տվյալներով, Աղալարովների հարստությունը կազմել էր 360 միլիոն դոլարից ավելի:

Բացի հաջողակ գործարար եւ միլիոնատեր լինելուց, Ադրբեջանի նախագահի փեսան նաեւ երգում է` անգլերեն: Իր երաժշտական կարերայի ընթացքում նա երեք ալբոմ է թողարկել, մեկն էլ պատրաստվում է թողարկման: Նա համարվում է մոսկովյան ակումբային երեկոների մշտական այցելու:

Էմինը կրթություն է ստացել Միացյալ Նահանգներում, Ալիեւի դստեր հետ ծանոթացել է շվեյցարական դահուկային հանգստավայրերից մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG