Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մեկնաբանում է բանակցային գործընթացը


«Հակամարտության կարգավորման հարցում ցանկացած առաջընթաց անհնար է, քանի դեռ Ղարաբաղի ներկայացուցիչները չեն վերադարձել բանակցային սեղանի շուրջ եւ իրենց համաձայնությունը տվել ակնկալվող խաղաղ համաձայնության հաստատման հարցում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցած իր մեկնաբանության մեջ նշում է Միացյալ Նահանգներում Lեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Դիվանագետի կարծիքով, Ղարաբաղյան կողմը գնահատում է Հայաստանի դերը խաղաղ գործընթացում, սակայն Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ղեկավարությունը պետք է ներկա գտնվի Ղարաբաղի հարցով ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացի ցանկացած քայլին, քանի որ, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղը քաղաքականապես անկախ պետություն է` իր ուրույն ժողովրդավարական ավանդույթներով։

Դեռ մեկ կամ երկու ամիս առաջ շատ քաղաքական վերլուծաբանների թվում էր, թե ղարաբաղյան հակամարտությունը ավելի քան երբեւէ մոտ է իր հանգուցալուծմանը, սակայն սպասված այդ «ճեղքումը» այդպես էլ նյութական չդարձավ: Այս փաստը, ըստ Ռոբերտ Ավետիսյանի, զարմանալի չէ. խաղաղ գործընթացի երբեմնի ակտիվ մասնակիցը, հակամարտության հիմնական կողմը` նա ի նկատի ունի Լեռնային Ղարաբաղը, որն այս տարի նշեց իր դե-ֆակտո անկախության 18-րդ տարեդարձը, սակայն որի միջազգային կարգավիճակը իրավական ձեւակերպում չի ստացել, բացակայում է այսօր ընթացող բանակցություններից։

«Հակամարտության լուծում» ենթաբաժնում Միացյալ Նահանգներում Lեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը գրում է. - «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական զարգացումները հիմնովին տարբեր են։ Լեռնային Ղարաբաղի քաղաքական համակարգը, որը հիմնված է ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում ձեւավորվող իշխանության եւ ընդդիմության միջեւ հետընտրական համաձայնեցված համակեցության ավանդույթի վրա, բացարձակապես անհամատեղելի է Ադրբեջանում առկա քաղաքական համակարգի հետ։ Սա միայն մեկն է այն բազմաթիվ պատճառներից, թե ինչու երկու երկների` համատեղ պետության տանիքի տակ գոյատեւելու գաղափարն ու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»։

Դիվանագետի կարծիքով, 3 պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակությունները պետք է ընթացող բանակցություններին զուգընթաց սկսեն պատրաստվել հաշտեցմանը։ Բանակցային գործընթացը պետք է փոխլրացվի բոլոր կողմերի պարտավորությամբ` փովստահության կառուցմանն ուղղված ջանքերով։ Ռազմատենչ հայտարարությունները այդ ճանապարհին, ըստ Ռոբերտ Ավետիսյանի, պետք է բացառվեն։ Միայն ժողովրդական դիվանագիտության տարրերի ներգրավմամբ պաշտոնական շփումների հիման վրա ձեռք բերված անկեղծ հաշտեցումն է, որ կարող է հանգեցնել կայուն խաղաղության։

«Միջազգային հանրությունը, իր հերթին, պետք է աջակցի այս մոտեցմանը, որպեսզի հաջողվի ձեռք բերվել այդ առաջընթացը։ Ղարաբաղյան հակամարտությունը շատ խրթին է, սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է լավատես մնալ», - իր մեկնաբանության մեջ նշում է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը։

«Մենք հավատում ենք, որ վերադարձը խաղաղ բանակցությունների նախնական ձեւաչափին` Լեռնային Ղարաբաղի ամբողջական մասնակցությամբ, կվերականգնի հավասարակշռության պակասը եւ Ադրբեջանի համար գործուն ազդակ կհանդիսանա` կառուցողական դիրքորոշում որդեգրելու առումով։ Սա նաեւ վստահելի ապացույց կհանդիսանա առ այն, որ Ադրբեջանը պատրաստակամ է խաղաղ գոյակցել Լեռնային Ղարաբաղի հետ` անկախ ընթացող բանակցությունների արդյունքներից»։

Այս հոդվածում ներկայացվում էին Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի մեկնաբանությունները, որոնք նա փոխանցել է «Ազատություն» ռադիոկայանին: Այստեղ հրապարակվող տեսակետները կարող են չհամընկնել «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական դիրքորոշման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG