Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարեց Տիգրան Առաքելյանին կալանավորելու` քննչական մարմնի միջնորդությունը


Տիգրան Առաքելյանը դատարանի մուտքի մոտ, 8-ը հուլիսի, 2009 թ. | Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը շուրջ երկու ժամ շարունակված նիստում բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը` կիրակի օրը ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Չորեքշաբթի օրվա դատական նիստը անցկացվեց առանց փաստաբանի, դռնփակ: Նույնիսկ նիստի ավարտին, երբ Տիգրան Առաքելյանին դուրս բերեցին դատարանի շենքից, լրագրողներին որեւէ տեղեկատվություն չէին տրամադրում կայացված վճռի վերաբերյալ:

Կայացված վճռի մասին ավելի ուշ հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ով Գյումրիում գտնվելու պատճառով չհասցրեց ներկայանալ ժամը 18-ին հրավիրված դատական նիստին: Այն փաստը, որ դատարանը վճիռը կայացրեց փաստաբանի բացակայությամբ, ըստ Էլբակյանի, օրենքի եւ մարդու իրավունքների խախտում է: Փաստաբանը մտադիր է վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

«Եթե նրանք առանց փաստաբանի գնացին նման քայլի, դրանով մեկ անգամ եւս հաստատեցին այն հանգամանքը, որ Հայաստանում արդարադատությունը իրականացվում է այնպես, ինչպես ցանկանում է ոստիկանությունը, այլ ոչ թե օրենքով: Դա պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում է, որի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ունեն հայտնած ե'ւ Վերաքննիչ դատարանը, ե'ւ Եվրոդատարանը: Տվյալ դեպքում անձը ասում է` ես ցանկանում եմ ունենալ պաշտպան, նրան հնարավորություն չեն ընձեռում իր պաշտպանի հետ հանդիպելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Էլբակյանը:

Ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի տասնյակ մարդիկ էին հավաքվել դատարանի շենքի մոտ` իրենց զայրույթն արտահայտելով նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդական թեւի ներկայացուցիչ 28-ամյա Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է կիրակի օրը, երբ որպես վկա կանչվել էր ոստիկանություն` հարցաքննվելու հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները հուլիսի 1-ին ահազանգել էին, որ Աբովյան փողոցում անհայտ անձանց կողմից ծեծի եւ բռնության են ենթարկվել ընդդիմության հուլիսի 2-ի արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս: Տիգրան Առաքելյանը եւ իր ընկերներից երկուսը վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանք «Ազատություն» ռադիոկայանին պատմել էին, որ «Փարիզյան սուրճ» խանութի մոտ իրենց վրա հանկարծակի հարձակվել են 10-15 անձինք` քաղաքացիական հագուստներով, առանց ներկայանալու եւ առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու, փորձել են խլել բարձրախոսն ու թռուցիկները եւ տեսնելով, որ չի հաջողվում, սկսել են հայհոյել ու զենքերի կոթերով հարվածել, ինչը վերածվել է ծեծկռտուքի:

Սակայն ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` երիտասարդներն են բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, փայտերով ու մահակներով ծեծել են, երբ ոստիկանները վկայականները ցույց են տվել ու փորձել հարթել շուրջ 6 տասնյակ մարդկանց վիճաբանությունը, արդյունքում` ոստիկանության աշխատակից Էրիկ Պողոսյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Տիգրան Առաքելյանը արդեն երրորդ օրն է հացադուլի մեջ է` ի նշան բողոքի իր դեմ ներկայացրած մեղադրանքի դեմ: Ի պաշտպանություն ձերբակալված ընկերոջ` երեքշաբթի օրվանից անժամկետ հացադուլ են հայտարարել նաեւ Հայոց համազգային շարժման երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ Տիգրան Առաքելյանի մի շարք ընկերներ, ովքեր նրան քաղբանտարկյալ են համարում: Չորեքշաբթի օրը նրանք հավաքվել էին դատարանի մոտ` իրենց բողոքն արտահայտելու:

«Ապօրինի կալանավորել են իր քաղաքական հայացքի, զուտ նրա համար, որ ընդդիմադիր է», - կարծիք հայտնեց նրանցից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG