Մատչելիության հղումներ

Վարչապետը տուրօպերատորներին կոչ է անում չանտեսել Ղարաբաղում հանգստի կազմակերպման հնարավորությունները


Հուլիսի 8-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության շենքում հանդիպեց տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ անել, որպեսզի հայաստանցիները նախընտրեն իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում կամ Ղարաբաղում՝ Թուրքիայի եւ Վրաստանի փոխարեն. սա էր քննարկման հիմնական թեման։

«Շատերը ինձ դիմում են, ասում են՝ եթե դուք գովազդեք այդ հնարավորությունները, մենք սիրով կգնանք Ղարաբաղում կհանգստանանք։ Մարդիկ տեղյակ չեն, չգիտեն ինչ հնարավորություններ կան Ղարաբաղում, ինչ գնային քաղաքականություն... որ փողոցները մաքուր են, վիճակը հիասքանչ է, սպասարկումը հիասքանչ է», - իր խոսքում ասաց վարչապետը, դժգոհելով վրացական Քոբուլեթի եւ թուրքական Անթալիա հանգստավայրերի գովազդի առատությունից, այն դեպքում, երբ Ղարաբաղի տուրիստական հնարավորությունները անտեսված են մնում։

Հանդիպման ընթացքում գործակալություններին Ղարաբաղում հանգստի փաթեթ առաջարկվեց մոտ 20 տոկոս իջեցված գներով։ Առաջարկն արվել է Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության զարգացման ծառայության կողմից։ Ըստ այդմ՝ 5 օրվա համար հյուրանոցը, 3 անգամյա սնունդը, տեսարժան վայրերի այցելությունն առաջարկվում է 70-ից 110 հազար դրամով։

«Ռումեա» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Գրիգորյանն այս գիները «անհավանական ցածր» համարեց։

«Եթե այս գներով առաջարկվի հանգիստը 5 գիշեր, 6 օր Ղարաբաղում, սա միանշանակ աշխատող փաթեթ է։ Բայց մենք՝ տուրօպերատորներս, մինչեւ մեր աչքով չտեսնենք, մենք այստեղ տուրիստ չենք ուղարկի, որովհետեւ մեր ձեռքի տակ ունեցած գներով այս գումարի շրջանակներում հնարավոր չէ», - ասաց Գրիգորյանը։

Ի պատասխան՝ վարչապետը ներկաներին հրավիրեց Ղարաբաղ՝ տեղում առաջարկվող պայմաններին մանրամասն ծանոթանալու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG