Մատչելիության հղումներ

Երիտասարդական փորձարարական թատրոնը ուզում են «Գոյ»-ացնել


Երիտասարդական փորձարարական թատրոնի անձնակազմը մեղադրում է Հայաստանի մշակույթի նախարարությանը, որ այն ձգտում է միավորել իրենց պետական թատրոնը Արմեն Մազմանյանի «Գոյ» թատրոնի հետ, որպեսզի վերջինը օգտվի պետական ֆինանսավորումից:

Թատրոնի նախկին տնօրեն Էդիկ Հակոբյանին այժմ փոխարինում է Արթուր Նալբանդյանը, ինչը թատրոնի անձնակազմը նույնպես կապում է մշակույթի նախարարության ծրագրի հետ:

Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը` բացատրելով, որ Էդիկ Հակոբյանին իրենք աշխատանքից չեն հեռացրել. - «Նախորդ տնօրենի պայմանագրային ժամկետը լրացել էր, եւ նախարարությունը իրավասու էր կա’մ երկարացնել պայմանագրային ժամկետը, կա’մ նոր տնօրենի նշանակել: Այնպես որ, նախարարությունը գործել է իր իրավասությունների շրջանակում»:

Երեւանի երիտասարդական փորձարարական պետական թատրոնը հիմնադրվել է 1978 թվականին: Այն ավելի հայտնի է «Փոսի թատրոն» անվանումով, քանի որ նախկինում գտնվել է Թումանյան փողոցի բնակելի շենքերից մեկի նկուղում: Այդ տարածքի ենթադրաբար ապօրինի վաճառքից հետո թատրոնը վարձակալել է Հայաստանի գրողների միության 250-տեղանոց դահլիճը:

Թատրոնի ներկայացուցիչները վերջերս կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ Մազմանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, եւ ենթադրում են, որ վերջինս պաշտոնը թողնելուց առաջ ուզում է «լավություն անել իր բարեկամ Մազմանյանին»: Մշակույթի նախարարությունում, սակայն, հերքել են այդ վարկածը:

Թատրոնի փոխտնօրեն Հերմինե Վահանյանը ուզում է հավատալ պաշտոնական վարկածին: «Ես առաջինը կուրախանամ ու կշնորհավորեմ պարոն Մազմանյանին, եթե իրեն տան պետական ստատուս, բայց կրկնում եմ` ոչ մեր հաշվին: Մենք չենք ուզում միավորվել», - ասաց նա:

Աշոտը թատրոնի երիտասարդ ռեժիսորներից է, համոզված է, որ «ծուխն առանց կրակի չի լինում», ու մինչեւ մշակույթի նախարարը պաշտոնապես չհերքի այդ լուրերը, ինքն ու իր գործընկերները չեն հանգստանա. - «Մինչեւ մշակույթի նախարարությունը պաշտոնական չհայտարարի, որ նման բան չկա, մենք հանգիստ չենք քնի, որովհետեւ հասկանալի է, որ եթե մենք գնացինք «Գոյ»` կմնանք առանց աշխատանքի: Չի կարող լինել երկու ձայնային ռեժիսոր, լուսավորման մասնագետ, դերասանական կազմ ունի փայլուն էդ թատրոնը, այսինքն` մենք անցնում ենք երկրորդ պլան»:

Փոխնախարար Դավիթ Մուրադյանը, սակայն, վստահեցրեց, որ նման մշակութային ծրագրեր նախարարությունում ամեն օր քննարկվում են` սա ո’չ առաջին, ո’չ էլ վերջին ծրագիրն է, ու դրանք բոլորն էլ կոչված են արդյունավետ դարձնել նախարարության ու թատրոնների աշխատանքը:
XS
SM
MD
LG