Մատչելիության հղումներ

Ղարաբաղի արտգործնախարարությունը քննադատում է ադրբեջանական կողմի վերջին մեկնաբանությունները


Հուլիսի 3-ին ադրբեջանական պատվիրակության Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան կատարած այցելության առիթով Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը երեքշաբթի հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է, թե այդ այցի շուրջ ադրբեջանական կողմի հնչեցրած մեկնաբանություններում «խեղաթյուրված մեկնություն է տրվում» տեղի ունեցած իրադարձություններին։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը ընդգծում է նմանօրինակ այցերի կարեւորությունը՝ նշելով. - «Նկատի ունենալով այս այցի հանդեպ ադրբեջանական կողմի շահագրգռվածությունը, դժվար չէ ենթադրել, որ պաշտոնական Բաքուն ուղիներ է որոնում արմատական փոփոխության ենթարկել բանակցային գործընթացի ձեւաչափը եւ առանց միջնորդների անմիջական բանակցություններ վարել ԼՂՀ ղեկավարության հետ, ինչին այլընտրանք չկա»:

Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարի խորհրդական Հրաչ Արզումանյանը «խիստ բացասական» է գնահատում ադրբեջանական պատվիրակության այցի նախաձեռնությունը։

«Նման այցերը, նման մոտեցումները, նման զարգացումները կարող են տեղի ունենալ այն ժամանակ, երբ դու համոզված ես, որ մյուս կողմը իրականությունը ընդունում է ադեկվատ կերպով։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը ունի ոչ ադեկվատ մոտեցում՝ բացառելով Լեռնային Ղարաբաղի իրականությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Արզումանյանը։

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Ռուդոլֆ Մարտիրոսյանը, սակայն, ողջունում է նման նախաձեռնությունները, ասելով, թե ղարաբաղա-ադրբեջանական ցանկացած շփումներ օգուտ կբերեն։

«Դա հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս կարծիքները, տեսակետները մոտեցնել», - նշեց պատգամավորը։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարության մեջ նաեւ նշվում է. - «Սույն այցը ուշագրավ է այն առումով, որ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները լինելով մեր երկրում, մի ավելորդ անգամ եւս համոզվեցին, որ գործ ունեն կայացած պետության հետ, ուր անկախ հանրապետության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի, պարտադրված պատերազմի եւ շրջափակման հետեւանքով առաջացած դժվարություններն ու արգելքները, բոլոր ոլորտներում աննախադեպ ծավալով առաջընթաց է գրանցվել, որի արդյունքում լավագույն նախադրյալներ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման գործընթացում»։

Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջնորդությամբ ստանալով երկու երկրների Նախագահների աջակցությունը` հայ եւ ադրբեջանցի պատգամավորների եւ մտավորականների խումբը հուլիսի 3-ին մեկօրյա համատեղ այց կատարեց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով, հանդիպելով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG