Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահը շարունակում է իր մոսկովյան այցը


Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում, 6 հուլիսի, 2009
Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում, 6 հուլիսի, 2009

Առաջին անգամ իր պաշտոնավարման ընթացքում, երկուշաբթի օրը Մոսկվա ժամանեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Այցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին ուղեկցում են տիկինը` Միշել Օբաման, եւ երկու դուստրերը, որոնց համար նախատեսված է հատուկ ծրագիր:

Ժամանումից քիչ անց Բարաք Օբաման հանդիպեց ռուսաստանցի գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Շուրջ երեք ժամ տեւած հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ նախագահները մանրամասն խոսեցին երկու երկրների միջեւ հարաբերությունները վերակենդանացնելու պատրաստակամության մասին, անդրադարձ եղավ նաեւ Վրաստանին:

Օբաման ասաց, որ Վրաստանի հարցում պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան դեռ ունեն տարաձայնություններ, եւ որ Միացյալ Նահանգները ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ համաձայն չէ Վրաստանի այսօրվա սահմաններին: Միաժամանակ, Օբաման ընդգծեց, որ դեմ է խնդրի ուժային կարգավորմանը:

Թեեւ ակնկալվում էր, որ նախագահները քննարկելու են նաեւ Ղարաբաղի հարցը, սակայն ո'չ համատեղ հռչակագրում, ո'չ էլ իրենց խոսքում Օբաման եւ Մեդվեդեւը Ղարաբաղը չհիշատակեցին:

Մոսկվա մեկնելուց առաջ Բարաք Օբաման հեռախոսազրույց էր ունեցել թուրք գործընկեր Աբդուլա Գյուլի հետ, եւ ինչպես թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում, ԱՄՆ--ի եւ Թուրքիայի նախագահները քննարկել էին Ղարաբաղի հարցը:

Երկուշաբթի օրը Կրեմլում ռուս - ամերիկյան մի շարք փաստաթղթեր են ստորագրվել: Նախ համաձայնեցվել են հարձակողական սպառազինությունների մասին նոր պայմանագրի հիմնական կետերը, այսպես ասած` նախնական պայմանագիր է ստորագրվել, այնուհետեւ պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվել են Աֆղանստան տրանզիտի մասին:

Երեքշաբթի երեկոյան ավարտվում է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի առաջին այցը Ռուսաստան:

ԱՄՆ նախագահի Ռուսաստան այցի երկրորդ օրը հագեցած է հանդիպումներով եւ միջոցառումներով: Առավոտյան նա հանդիպում է վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, նրանք նախաճաշում են միասին: Վերլուծաբանները այս հանդիպումը շատ կարեւոր են համարվում: Ռուսաստանի երկրորդ նախագահ եւ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ Բարաք Օբաման քննարկելու է ե’ւ Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման, ե’ւ ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցերը, այսինքն` այն հարցերը, որոնց շուրջ պաշտոնական Մոսկվան եւ Վաշինգտոնը ունեն լուրջ տարաձայնություններ::

Օբամայի առաջիկա կարեւոր հանդիպումներից է նաեւ ռուսաստանցի ընդդիմադիրների հետ հանդիպումը: Մասնավորապես, նա հանդիպելու է Վլադիմիր Ռիժկովի, Գարի Կասպարովի եւ Բորիս Նեմցովի հետ:

Բացի այդ, նախատեսված է նաեւ Օբամայի մասնակցությունը Քաղաքացիական ֆորումի աշխատանքներին:

Երեկոյան կկայանա նաեւ Մեդվեդեւ - Օբամա մեկ այլ հանդիպում, որի ժամանակ կամփոփվի ԱՄՆ-ի նախագահի այցը Ռուսաստան:

Օբաման եւ Մեդվեդեւը փաստաթղթեր են ստորագրում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG