Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների


Նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների, ովքեր Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների Նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրերին նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց Հայաստան է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական ցանկությունը, եկող սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցումը եւ երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հասնելու ձգտումը:

«Ցավոք, մեր տարածաշրջանը հարուստ է չլուծված խնդիրներով եւ միայն փոխադարձ վստահության, համագործակցության մթնոլորտը կարող է մեզ թույլ տալ մեր ազգերի համար լավ ապագայի հույս ունենալ: Հենց այս համատեքստում ենք մենք ընկալել մեր դեսպանների նախաձեռնությունը եւ ողջունել ենք այս ձեռնարկի անցկացումը», - ասել է Սերժ Սարգսյանը։

Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները նշել են, որ իրենց քաղաքացիական նախաձեռնության նպատակն է կողմերի համար միմյանց հետ շփվելու, փոխվստահություն ձեւավորելու հնարավորություններ ստեղծել:

Նախագահ Սարգսյանին հյուրընկալվելուց հետո խումբը մեկնել է Բաքու` հանդիպելու Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին: Մինչ այս նրանց Ստեփանակերտում ընդունել էր Բակո Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG