Մատչելիության հղումներ

ՀԳՄ-ի նախագահի ընտրությանը կմասնակցեն նաեւ երիտասարդ գրողները


Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

«Ամեն ինչ պետք է սկսել առանց Լեւոն Անանյանի», - Գրողների միության՝ հուլիսի 4-ի համագումարի եւ նախագահի ընտրության նախօրեին լրագրողների հետ հադիպմանը ասաց երիտասարդ արձակագիր Միքայել Աբաջյանցը։

Միքայելը բացառում է Անանյանի վերընտրվելը, վստահ է, որ Անանյանի մեղքով է ինքը դուրս մնացել գրական պրոցեսներից. - «Նա ոչ բարոյական սկզբունքներով է կառավարում միությունը։ Անտաղանդներին է բաշխում մրցանակները»։

Երիտասարդ գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը հիշեցրեց, որ երբ Ռազմիկ Դավոյանն էր նախագահի գրական մրցանակի հանձնաժողովի նախագահը, ոչ ոք այդ տարի մրցանակ չստացավ։

«Դավոյանի գրողական նախանձից էր», - համոզված է Արքմենիկը։

Նա առաջարկում է վաղվա համագումարը տեսական քննարկումներով գզվռտոցի փոխարեն դարձնել ստեղծագործական պրոցեսի ամփոփում։ Ողջ աղմուկի մեջ Արքմենիկը չի լսել բանավեճեր գրականության շուրջ. - «Եթե նույնիսկ դրվում է նախագահի փոփոխության հարց, ես հակառակ թեւում այլընտրանք չեմ տեսնում Անանյանին։ Այնտեղ չկա այն մարդը, ով գալու է բարեփոխումներ անելու»։

Միակ դրական կողմը այս ողջ աղմուկի մեջ, ըստ երիտասարդ բանաստեղծ Վահե Արսենի, հենց այն է, որ թեկուզ արհեստականորեն, բայց հասարակության ուշադրությանը վերջապես կենտրոնացել է գրական խնդիրների վրա։ Վահեի կարծիքով, Էական չէ, թե ով կլինի միության նախագահը. - «Բավական երկար ժամանակ է միության անդամ եմ, բայց տարին 2-3 անգամ եմ լինում։ Գրողի գործը գրելն է, գրել քանի որ չի կարող չգրել։ Ոմանց թվում է, թե իրենց անտաղանդության մեջ միության նախագահն է մեղավոր»։

Վահեի կարծիքով, միայն գրականության մեջ իրեն սպառած մարդը կարող է հավակնել պաշտոնի։
XS
SM
MD
LG