Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը տեսանելի ապագայում Ղարաբաղի հարցով համաձայնություն չի ակնկալում


Բակո Սահակյանը հանդիպում է Դորա Բակոյանիսի հետ, Երեւան, 2 հուլիսի, 2009
Բակո Սահակյանը հանդիպում է Դորա Բակոյանիսի հետ, Երեւան, 2 հուլիսի, 2009

Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ այս տարի տեղի ունեցող հաճախակի հանդիպումներին, մասնավորապես` առաջիկայում կայանալիք Սարգսյան - Ալիեւ հերթական բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը համոզված է, որ ո’չ 2009 թվականին եւ ո’չ էլ տեսանելի ապագայում Ղարաբաղյան հակամարտության շուրջ փոխհամաձայնության հասնել հնարավոր չէ: Այդ մասին նա լրագրողներին ասաց հինգշաբթի երեկոյան Երեւանում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսի հետ բանակցություններից հետո:

«Ես չեմ ակնկալում, որ այս տարվա մեջ կարող ենք մենք այդպիսի հաջողություն արձանագրել, եւ ոչ միայն այս տարվա մեջ, այլ ընդհանրապես` որեւէ ժամանակ այդպիսի առաջընթաց մենք չենք կարող ակնկալել, քանի որ չի մասնակցում այս գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - հայտարարեց նա:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե գո՞հ է արդյոք այն բանակցություններից, որոնք պաշտոնական Երեւանը տանում է այդ թվում Ստեփանակերտի անունից, Սահակյանը նախ ասաց, թե ինքը հարցը այդպես չէր ձեւակերպի, ապա, հղում կատարելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տարեսկզբի հայտարարությանը, ըստ որի, Երեւանն անում է ամեն ինչ` բանակցային ձեւաչափ Լեռնային Ղարաբաղի վերադարձը ապահովելու համար, ավելացրեց. - «Եվ այս պահի դրությամբ, Հայաստանի իշխանությունները` ի դեմս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ամեն ինչ անում են` առաջին հերթին վերականգնելու այդ բանակցային գործընթացի իրական ձեւաչափը: Միայն այդ ձեւաչափը վերականգնելուց հետո մենք կարող ենք ակնկալել լուրջ առաջընթաց բուն բանակցային գործընթացում»:

Իսկ թե Լեռնային Ղարաբաղի նախագահի կարծիքով ե՞րբ պաշտոնական Ստեփանակերտը մաս կկազմի հայ - ադրբեջանական բանակացություններին, Բակո Սահակյանը ասաց. - «Եթե մեր կամքը եւ մեր տեսակետը հաշվի առնենք` մենք վաղուց արդեն պիտի մասնակցեինք այդ գործընթացին»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ տեղի ունեցած բանակցություններին, ապա, Լեռնային Ղարաբաղի նախագահի ներկայացմամբ, քննարկվել է ընթացիկ բանակցային գործընթացը:

Հանդիպումից հետո Դորա Բակոյանիսը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին` պատճառաբանելով, որ ուրբաթ օրը մամլո ասուլիս է հրավիրվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG