Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հայտարարում է իր համակիրների նկատմամբ բռնության մասին


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարում է, որ հինգշաբթի օրը կայանալիք իր հանրահավաքի իրազեկողները նախօրեին բռնության են ենթարկվել:

Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հինգշաբթի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ երեկոյան` ժամը 20:00-ի սահմաններում, իրազեկող խմբի վրա են հարձակվել մի խումբ անհայտ անձինք, որոնցից ոմանք` զինված, փորձել են խլել բարձրախոսը եւ այդ ընթացքում հարվածներ տեղացել Կոնգրեսի համակիրների վրա:

«Արդյունքում, երեք հոգի` Սահակ Մուրադյանը, Հերբերտ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տեղափոխվել են հիվանդանոց` տարբեր մարմնական վնասվածքներով», - փոխանցեց Մուսինյանը:

«Որեւէ նորություն չկա` հանցագործ վարչախումբ, հանցագործ մեթոդներ, քաղաքական սնանկության դրսեւորում, եւ միակ ձեւը հասարակության, Հայ ազգային կոնգրեսի դեմ պայքարելու` բանդիտական մեթոդներն են», - տեղի ունեցածը այսպես գնահատեց Կոնգրեսի խոսնակը:

«Դիմե՞լ եք իրավապահներին», - այս հարցին Մուսինյանը արձագանքեց. - «Իհարկե, մեր իրավաբանների խումբը անհրաժեշտ փաստաթղթերը կպատրաստի, եւ մենք ընթացք կտանք այս գործին»:

«Կան ե’ւ լուսանկարները, ե’ւ հարձակվողների դեմքերը», - վստահեցրեց Հայ ազգային կոնգրեսի խոսնակը:

Կոնգրեսի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին նաեւ, որ այն հիվանդանոցում, որտեղ գտնվում են իրազեկողները, հինգշաբթի օրը մեծ թվով «կարմիր բերետավորներ» կային, ովքեր տուժածների ծնողներին թույլ չէին տալիս տեսակցել իրենց որդիներին:

Ծեծի ենթարկված երիտասարդները եւ դեպքի ականատեսները հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեցին, որ քաղաքացիական հագուստով անձինք` 10-15 հոգով, հարձակվել են հանկարծակի, սկսել են քաշքշել ու հարվածել սկզբում բռունցքներով, այնուհետեւ` ատրճանակների կոթերով: Հարձակումը տեղի է ունեցել «Փարիզյան սուրճ» խանութի շրջակայքում:

Սահակ Մուրադյանը պատմեց հետեւյալը. - «Մեջքիցս քաշեցին գցեցին գետնին, տարան «Գարդերոբ» խանութ կա այնտեղ, դեպի փողոցի կողմը, որ երիտասարդները չտեսնեն, ասաց` «էս դու էլ ես ընդդիմադի՞ր», ու սկսեց խփել երիկամներիս: 5-6 հոգով սկսեցին ծեծել, ատրճանակը պահել էին գլխիս, խփում էին, ուզում էի բարձրանալ, ոտքի կրունկով խփել են գլխիս: Ես այդ ժամանակ թուլացել եմ, ու շարունակել են երկու կողմից երիկամներիս հարվածել»:

Ականատեսներից Սոնա Սեւոյանը, իր հերթին, պատմեց. - «Երկու կողմից կռիվ է. էս կողմից երեխեքին ծեծում են, էս կողմից մի բոյովը կար, ասաց` «զենքերը հանեք, զենքերը հանեք», սկսեց գոռալ: Էս չորս հոգին զենքերը հանեցին, մի հոգին պահեց Սահակի գլխին: Սա որ պահեց, ես շատ վստահ էի, որ եթե իրենք էդ վիճակով, էդ 14 տարեկան երեխու գլխին զենք կդնեն` կկրակեն էլ: Ու սկսեցին քացով երիկամների, փորի մասին, զենքի կոթով` գլխին ... ու մենակ իրեն զենքով չէին խփում: Ու այդպես զենքերը պահած` խուլիգանի նման ...»:

Ականատեսները պատմում էին, որ ծեծողները քաղաքացիական հագուստով էին, ոչ ոք չի ներկայացել որպես ոստիկան եւ որեւէ բան չի ասել` բացի հայհոյանքից, ծեծկռտուք սարքելուց հետո նրանք անցել են մյուս մայթ եւ սկսել հեռախոսներով խոսել:

Այդուհանդերձ, Հերբերտ Գեւորգյանը ասաց, որ իրենք ճանաչել են նրանցից ոմանց. - «Քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, որովհետեւ մենք իրենց տեսել էինք Կենտրոնի ոստիկանության մոտ, երբ [«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող] Նիկոլ Փաշինյանն էր ներկայացել: Մենք այդտեղ էինք, իրենց այդտեղ տեսել ենք»:

Ընդդիմադիր երեք երիտասարդները տեղափոխվել են նախ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հետո` Հանրապետական հիվանդանոց: Նրանցից մեկի քիթն է կոտրվել, մյուսները սալջարդեր են ստացել:

Ոստիկանությունը դեպքի առիթով հաղորդագրություն է տարածել, որով հաստատվում է, որ ծեծկռտուքի մասնակիցները ոստիկաններ են` ոստիկանության Կենտրոնականի բաժնից. - «Ծառայություն կատարելիս նկատել են վիճաբանող շուրջ 60 քաղաքացիների, մոտենալով նրանց` ցույց են տվել ծառայողական վկայականները եւ պահանջել, որ դադարեցնեն վիճաբանությունը, սակայն հավաքվածները տեղեկանալով, որ նրանք ոստիկանության ծառայողներ են, հարձակվել են վերջիններիս վրա, փայտե մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրանց»:

«Ոստիկանները փորձել են բերման ենթարկել միջադեպի առավել ակտիվ մասնակիցներին, ինչը նրանց չի հաջողվել, եւ դիմադրություն ցույց տվող քաղաքացիները դիմել են փախուստի: Միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել, իսկ մեկը անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նույն օրը, ժամը 21.15-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սահակ Մ.-ն, Հերբերդ Գ.-ն եւ Տիգրան Ա.-ն եւ բուժօգնություն ստանալով` հեռացել են հիվանդանոցից: Պարզվել է, որ նրանք ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տվող անձինք են եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն», - ասված է ոստիկանության օպերատիվ ամփոփագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG