Մատչելիության հղումներ

Արեւելյան գործընկերության ծրագիրը կարող է հետաձգվել


Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Պրահա, 7 մայիսի, 2009
Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Պրահա, 7 մայիսի, 2009

Միջազգային ասպարեզում Եվրամիության առջեւ ծառացած նոր մարտահրավերները ստիպելու են Եվրամիության նախագահությունը ստանձնած Շվեդիային` որոշ ժամանակով հետաձգել Արեւելյան գործընկերության ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության նախագահությունը չորեքշաբթի օրը ստանձնած Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը:

Մինչդեռ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ անցյալ տարվա նոյեմբերին կայացած հանդիպմանը Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը վստահեցրել էր, որ Եվրամիությունում Շվեդիայի նախագահության ժամանակահատվածում լուրջ ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններին:

Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկը հենց Շվեդիան է, մյուսը` Լեհաստանը: 2008 թվականի դեկտեմբերին նրանց նախաձեռնությունը հաստատվել է Եվրամիության կողմից, իսկ ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա մայիսին: Ծրագիրն ուղղված է հետխորհրդային 6 երկրների` Բելառուսի, Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացմանը:

Եվրամիության ղեկավարները նշում են, թե իրենց վերջնական նպատակը ծրագրի անդամ պետությունների հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելն ու վիզային հեշտացված ռեժիմ սահմանելն է:

Շվեդիայի վարչապետը չորեքշաբթի օրվա ասուլիսի ժամանակ նշել է Արեւելյան գործընկերության ծրագիրը փաստորեն երկրորդ պլան մղող առավել կարեւոր առաջնահերթությունները` առանձնացնելով տնտեսական ճգնաժամը, կլիմայի փոփոխությունը եւ Իրանի հարցը:

Իրանի իշխանություններին Ռեյնֆելդտը կոչ է արել չմեկուսանալ արտաքին աշխարհից:

«Մենք հույս ունենք, որ Իրանի ղեկավարությունը ընդունակ կլինի տեսնել, որ այն, ինչ տեղի է ունենում Իրանում, ավելի շատ ազատության եւ բարեփոխումների պահանջ է եւ ոչ թե Իրանի եւ արտաքին աշխարհի միջեւ կոնֆլիկտների պատճառ», - ընդգծել է Շվեդիայի վարչապետը:

Ռեյնֆելդտը ուղղակիորեն չի մեկնաբանել ենթադրությունները, որ հնարավոր է` Եվրամիությունը հետ կանչի իր դեսպաններին Թեհրանից, եւ նշել է, թե իրենք շարունակում են ուշադիր հետեւել զարգացումներին եւ հավասարակշռված պատասխան են որոնում Թեհրանի` Արեւմուտքի հանդեպ գնալով կոշտացող պահվածքին:

Առաջնահերթությունները թվելով` Շվեդիայի վարչապետն անդրադարձել է նաեւ ֆինանսական ճգնաժամի եւ կլիմայի փոփոխության խնդրին:

«Խնդիրները, որ Եվրամիության առջեւ ծառացել են, շատ են եւ ամենեւին էլ դյուրին չեն: Եվրոպան այժմ լրջագույն ֆինանսական ճգնաժամի մեջ է, եւ մենք շարունակելու ենք մեր փորձերը` կառավարելու այս ճգնաժամը եւ հաղթահարելու գործազրկությունը, որը գրավել է ողջ Եվրոպան: Մեր նպատակը ֆինանսական ճգնաժամից դուրս գալն է, եւ, իհարկե, մեր սերնդի լրջագույն խնդիրը կլիմայական փոփոխություններն են: Մենք ժամանակ չունենք կորցնելու եւ ամեն ջանք կներդնենք, որ այս հարցի շուրջ արդեն դեկտեմբերին համաձայնության գանք», - ասել է Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը Շվեդիայի կողմից Եվրամիության նախագահությունը ստանձնելու առիթով հրավիրված մամուլի ասուլիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG