Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում ԵԱՀԿ-ի գործող նախագահը


Հինգշաբթի օրը Հայաստան է ժամանում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը: Նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի հետ: Հնարավոր է, որ Դորա Բակոյանիսը հանդիպի նաեւ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը Երեւան է գալիս Բաքվից: Առաջիկա ժամերին ավարտվելու է նրա այցը Ադրբեջան. նա հանդիպում է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ: Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո մամուլի ասուլիս է նախատեսված:

Նախօրեին ԵԱՀԿ-ի գործող նախագահը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական մի շարք կուսակցությունների առաջնորդների հետ:

Հանդիպումից հետո «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին APA գործակալությանը ասել է, թե քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության խնդիրները:

«Մենք ասացինք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու 17 տարվա աշխատանքը որեւէ արդյունք չի տվել: Մենք նաեւ նշեցինք, որ ԵԱՀԿ-ն` որպես միջազգային կազմակերպություն, այս հարցում ձախողել է իր առաքելությունը», - փոխանցել է Քերիմլին:

Նա ասել է, թե խոսել են նաեւ երկրի իրավիճակի, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, ընտրությունների ժամանակ խախտումների, քաղբանտարկյալների, լրագրողների ձերբակալությունների, հավաքների ազատությունները սահմանափակող խնդիրների մասին:

«Դեմոկրատական ռեֆորմներ» կուսակցության ղեկավար Ասիմ Մոլլազադեն «Նովոստի-Ազերբայջան» գործակալությանը ասել է, թե Ղարաբաղի հարցում իրենց դժգոհությունն են փոխանցել. - «Մասնավորապես, մենք նշեցինք, որ Ղարաբաղի նման հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ-ն հիմնվում է ոչ թե միջազգային իրավունքի, այլ իր փաստաթղթերի վրա: Աբսուրդ իրավիճակ է. ԵԱՀԿ-ի մի անդամը օկուպացնում է կազմակերպության մյուս անդամի տարածքի մի մասը, իսկ ԵԱՀԿ-ն ոչինչ չի կարող անել ագրեսորի հետ: Մենք նշեցինք, որ Ղարաբաղի հակամարտության չկարգավորելը վտանգավոր է Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի զարգացման համար»:

Մոլլազադեի պատմելով` Դորա Բակոյանիսը ասել է, որ ոչ միայն ԵԱՀԿ-ն, այլ նաեւ Եվրամիությունը եւ հենց Հունաստանը հասկանում են, թե որքան կարեւոր է Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որ դրա սառեցումը վտանգավոր է, Հարավային Օսիայի օրինակը ցույց տվեց, թե ինչ կարող է պատահել «սառեցված» հակամարտությունների հետ:

«Բակոյանիսը մեզ խոստացավ ակտիվացնել ԵԱՀԿ-ի դերը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես նաեւ հնարավորինս օգնություն ցուցաբերել Ադրբեջանի հետագա ժողովրդավարացման համար», - «Նովոստի-Ազերբեյջան»-ին փոխանցել է Միլի մեջլիսի պատգամավոր, «Դեմոկրատական ռեֆորմներ» կուսակցության ղեկավար Ասիմ Մոլլազադեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG