Մատչելիության հղումներ

«Մանկական Եվրատեսիլ - 2009». Հայաստանում ընտրում են մասնակցին


Արդեն հայտնի են այն 7 երգերը, որոնք անցել են «Մանկական Եվրատեսիլ - 2009» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի եզրափակիչ։ Հուլիսի 11-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում երգերը պայքարելու են նոյեմբերի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անցկացվելիք մրցույթին մասնակցելու համար։

Յոթնյակ անցած կատարողների անունները հանդիսատեսին քիչ հայտնի են` Յուլի Բերբերյանը եւ Լիկա Մուշեղյանը` «Մենք» երգով, Անգել Պետրոսյանը` «Երջանիկ մանկություն» երգով, «Ճերմակ ամպիկներ» խումբը` «Հեքիաթային երկինք» երգով, Լուարա Հայրապետյան` «Բարսելոնա» երգով, «Ուրախ ղողանջներ» խումբը` «Լուսին-արեւ» երգով, «Զանգակ» խումբը` «Դպրոց թե՞ փողոց» երգով եւ Ռազմիկ Աղաջանյանը` «Երջանկություն» երգով։

Ժյուրիի կազմում են եղել բացառապես Հանրային հեռուստառադիոընկերությունը ներկայացնող դեմքեր, այդ թվում` Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը, հեռուստառադիոընկերության սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանը, Հանրային ռադիոյի «Արեւիկ» խմբի ղեկավար Արմեն Գեւորգյանը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ինչպես նաեւ Հանրային ռադիոյի երաժշտական խմբագրության ներկայացուցիչներ։ Երգերը գնահատվել են 20 բալանոց համակարգով։

«Հ1»-ի հատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականյանը, ով եւս Ժյուրիի կազմում է եղել, «Մաքս Լիբերթի»-ին հայտնեց, որ հուլիսի 11-ի եզրափակիչին երգն ընտրվելու է ժյուրիի եւ հանդիսատեսի sms քվերակությամբ` 50/50 համադրությամբ։ Ժյուրիի կազմն առայժմ որոշված չէ։

Դեռեւս մրցույթի հայտերի ընդունման փուլում մամուլում շրջանառվեց 11-ամյա Լուարա Հայրապետյանի անունը։ Մասնավորապես նշվում էր, որ փոքրիկ երգչուհին Նադեժդա Սարգսյանի սանն է, ինչը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ մրցույթի արդյունքների վրա։

Նադեժդա Սարգսյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում հաստատեց, որ Լուարան իրոք իր ղեկավարած “Դո Ռե Մի” մանկապատանեկան կենտրոնն է ներկայացնում։ Ընդ որում, ի տարբերություն նախորդ տարվա, երբ նախընտրական փուլի մասնակիցների զգալի մասը հենց Սարգսյանի սաներն էին, այս անգամ նա ընդամենը մեկ մասնակցի է ներկայացրել։

«Ուժեղ երեխա է` թե' ոկալ եւ թե' դերասանական վարպետության տվյալներով, ես վստահ եմ նրա ուժերի վրա, թեպետ չեմ լսել մյուս կատարումները», - ասաց Նադեժդա Սարգսյանը։

Ֆուտբոլային թեմայով «Բարսելոնա» երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց Լուարան է, «Դո Ռե Մի» կենտրոնը զբաղվել է երգի գործիքավորմամբ։ Լուարա Հայրապետյանը, Նադեժդա Սարգսյանի փոխանցմամբ, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։

Դիանա Մնացականյանն այս առիթով ասաց, որ Նադեժդա Սարգսյանն առհասարակ որեւէ առնչություն այս տարի չունի մրցույթի հետ եւ բացառեց նաեւ նրա ազդեցությունը հաղթողին ընտրելու գործում։

Ի դեպ, նոյեմբերին «Մանկական Եվրատեսիլ - 2009»-ի բեմ կբարձրանա մեկ այլ հայազգի փոքրիկ երգիչ եւս, ով, սակայն, ներկայացնելու է մրցույթն այս տարի հյուրընկալող Ուկրաինան։ 11-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը հաղթել է Ուկրաինայի ազգային ընտրական փուլում։

Մրցույթին այս տարի մասնակցում է 13 երկիր` Հայաստան, Բելառուս, Բելգիա, Կիպրոս, Մակեդոնիա, Վրաստան, Մալթա, Հոլանդիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Ուկրաինա։

Հայաստանը մրցույթին մասնակցում է երրորդ անգամ։ «Արեւիկ» խումբը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ գյումրեցի Մոնիկա Մանուչարովան` անցած տարի 8-րդն էր։
XS
SM
MD
LG