Մատչելիության հղումներ

Մեկնարկեց ՄԱԿ-ի կամավորների ազգային ծրագիրը


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարաության համատեղ ջանքերի շնորհիվ այսուհետ մեր երիտասարդ մասնագետները կարող են իրենց ուժերը փորձել եւ կամավորական սկզբունքով աշխատանքի ընդունվել Հայաստանում ՄԱԿ-ի գործակալություններ, կառավարման կառույցեր, հասարակական կազմակերպություններ:

Կամավորական ազգային ծրագրի մեջ ընդգրկված երիտասարդները հիմնականում կաշխատեն մարզերում։

Ծրագրի շրջանակներում ընտրված է ՄԱԿ-ի ազգային կամավորների 2 խումբ։ Առաջինը` ՄԱԿ-ի ազգային կամավորների մասնագետների խումբն է, որտեղ կարող են դիմել բարձրագույն կրթությամբ 25 տարեկանից բարձր անձինք, ովքեր ունեն որոշակի աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։ Իսկ երկրորդը` ՄԱԿ-ի ազգային կամավորների համայնքային փոխանակման աշխատողների խումբն է, որի կազմում կարող են ընդգրկվել 21 տարեկանից բարձր, միջնակարգ կրթությամբ եւ համապատասխան տեխնիկական հմտություններով անձինք։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի խոսքով կամավորների ազգային ծրագիրը կնպաստի մարդկային ռեսուրսների զարգացմանը եւ կհզորացնի ՀՀ-ում գիտելիքների եւ փորձագիտության բազան։

ՄԱԿ-ի ծրագրով ազգային կամավորների հավաքագրումը կատարվում է հետեւյալ կերպ։ Կամավորների հետ աշխատելու ցանկություն ունեցող կազմակերպությունն իր պահանջները գրավոր տեսքով ուղարկում է www.un.am ինտերնետային հասցեով, ինչից հետո ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը փորձում է գտնել տվյալ պահանջներին համապատասխանող կամավորի եւ կազմակերպում է գործատուի ու կամավորի հանդիպումը։ Ընտրված կամավորը պարտադիր կերպով բուժզննում է անցնում։ Կազմակերպությունն իր վրա է վերցնում կամավորի բոլոր ծախսերը։

Նշենք, որ հայաստանյան գործատուները հիմնականում խուսափում են կամավորական սկզբունքով աշխատանքի ընդունել երիտասարդներին, քանի որ Հայաստանում չկա կամավորականության մասին օրենք, այսինքն իրավական առումով այդ ոլորտը կարգավորող որեւէ մեխանիզմ գոյություն չունի։ ՄԱԿ-ի ազգային կամավորների ծրագրի ներկայացուցիչներն ասացին, որ օրենքի մշակումն իրենց գործառույթներից դուրս է, եւ որ դա արդեն մեր պետության խնդիրն է։
XS
SM
MD
LG