Մատչելիության հղումներ

Հունիսի 30-ը Իրաքում՝ տոնական օր


Իրաքի զինված ուժերը երեքշաբթի օրվանից հսկողության տակ են առնում Բաղդադը եւ մեծ ու փոքր այլ քաղաքներ: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հունիսի 30-ը հռչակել է «Ազգային ինքնիշխանության օր»:

Ամերիկյան ուժերի վեցամյա տեղակայումը Իրաքում ավարտվում է: Ամերիկացիների ամբողջական դուրսբերումը պետք է ավարտվի մինչեւ 2011-ի տարեվերջ: Դրանից հետո Իրաքի տարածքում՝ հիմնականում քաղաքներում, կմնան ամերիկացի զինվորական փորձագետների եւ խորհրդականների փոքրաթիվ խմբեր, որոնք ուսումնական եւ մասնագիտական աջակցություն են ցույց տալու իրաքյան զինված ուժերին եւ ոստիկաններին:

Իրաքում Միացյալ Նահանգների դեսպան Քրիսթոֆեր Հիլը երկուշաբթի երեկոյան գովեստով է խոսել հսկողությունն իրաքցիներին փոխանցելու մասին:

«Մենք ենթադրում ենք, որ Իրաքը պատրաստ է: Կարծում եմ, Իրաքն է այդպես ենթադրում: Մենք բավական ժամանակ ենք տրամադրել Իրաքի անվտանգության ծառայությունների հետ աշխատելու համար: Ուստի, սա կարեւոր նվաճում է անվտանգության պայմանագրի իրագործման ուղղությամբ», - ասել է դեսպանը:

Պաշտոնական Բաղդադն ու Վաշինգտոնը անցյալ տարի են ստորագրել անվտանգության պայմանագիրը: Միացյալ Նահանգները այսօրվա դրությամբ Իրաքում ունի շուրջ 133 հազար զինծառայող: Պայմանագրի համաձայն, քաղաքներում գտնվող ամերիկյան բոլոր մարտական ուժերը պետք է հունիսի 30-ին մինչեւ կեսգիշեր դուրս բերվեն եւ տեղակայվեն հեռավոր շրջանների ռազմակայաններում:

Պենտագոնի խոսնակ Բրայան Ուիթմանն ասել է, որ ամերիկացիներն արդեն փակել կամ իրաքցիներին են փոխանցել 120 ռազմակայան եւ հենակետ: Բաքուբայում իրաքցի գեներալ Աբդուլ Հուսեյն ալ-Շամրին ասել է, թե ամերիկացիների դուրսբերումը վկայում է այն մասին, որ իրաքյան ուժերն ի զորու են անվտանգություն եւ կարգուկանոն ապահովել:

Այնուամենանիվ, որոշ մեկնաբաններ մտահոգություն են հայտնում, որ այս պայմաններում «Ալ Ղաիդա»-ն եւ ապստամբ այլ ուժեր կարող են ակտիվացնել ահաբեկչական գործողությունները:

Մինչդեռ, իրաքցիները նախօրեից սկսել են տոնել ամերիկացիների դուրսբերումը: Բաղդադի եւ այլ քաղաքների փողոցներով երթեւեկող մեքենաները զարդարված են Իրաքի պետական դրոշներով, ծաղիկներով եւ «Իրաք, իմ պետություն, իմ փառք, իմ պատիվ» գրությամբ պաստառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG