Մատչելիության հղումներ

Հունիսի 30-ի մամուլ


«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ով անցած տարվա մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել է դիտորդի կարգավիճակով, «Առավոտ»-ի հետ զրույցում մի քանի դիտարկում է արել հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ. - «Ես կարծում եմ, որ հանձնաժողովը ցայսօր իրավամբ չի կարողացել պարզել մարտի 1-ի առավոտյան ոստիկանական ուժերի կիրառման իրավական հիմքերը: Չի պարզել նաեւ, թե ով է կայացրել այդ քաղաքական որոշումը` խաղաղ ցուցարարների վրա ուժ գործադրելու: Ասում են, որ որոշումը կայացրել է ոստիկանության բարձրաստիճան ղեկավարությունը: Եթե դուք հավատում եք, որ Հայաստանում ոստիկանության ղեկավարությունը, ստանալով որոշակի տեղեկություններ, ինքնուրույն, առանց քաղաքական որոշումների գործողություններ է կատարում, ես չեմ հավատում: Իմ կարծիքով, այդ քաղաքական որոշումը կայացրել է Ռոբերտ Քոչարյանը` խորհրդակցելով հայտնի ոչ ֆորմալ շտաբի հետ, որը, իմ տեղեկություններով, գործել է դեռեւս 2007 թվականի հոկտեմբերից, միգուցեեւ ավելի վաղուց: Ես չգիտեմ` կունենա՞ հանձնաժողովն այնքան արիություն, որպեսզի անկեղծությամբ ասի, թե ինչի՞ց սկսվեց ամեն ինչ: Իմ տպավորությամբ, հանձնաժողովը չի էլ ցանկանում անդրադառնալ այդ հարցերին»:

«Տարեգիր» թերթի հետ զրույցում Ընտրական օրենսգրի համահեղինակ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը ասում է. - «Հայաստանում, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, կապիտալի նախնական կուտակումն արդար չի եղել: Հիմա այդ կուտակած սեփականության պաշտպանության խնդիր կա: ՀՀ-ում իշխանության գինը շատ ու շատ ավելի մեծ է, քան կայացած ժողովրդավարական երկրներում: Իշխանության որոշ ներկայացուցիչների համար իշխանությունը ասոցիացվում է կուտակված հարստությունը, իսկ որոշների համար էլ ֆիզիկական գոյությունը պահպանելու հետ: Ստեղծված իրավիճակում Հրայր Թովմասյանը որպես ելք առաջարկում է տնտեսական համաներում հայտարարելը: «Այո, որպես ելք կարող է հանդիսանալ տնտեսական համաներման հայտարարումը՝ ով ինչ ունի, ինչ ճանապարհով ձեռք է բերել, վերջակետ է դրվում եւ շարունակում ենք առաջ շարժվել նոր կանոններով: Եթե մարդն իմանա, որ իշխանությունը կորցնելու դեպքում չի կորցնի իր հարստությունը, եւ իշխանության գալն այլեւս հարստություն դիզելու միջոց չէ, շատ շատերը ձեռնպահ կմնան, օրինակ՝ պատգամավոր դառնալուց», - ասում է նա»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի իշխանությունները, փաստորեն, ի վերջո, ընդունեցին Եվրախորհրդի «Պոլիտբյուրո» լինելը, ընդ որում՝ ընդունեցին ամենանվաստացուցիչ պայմաններով, եւ դեռ մի բան էլ շարունակում են մնալ մոտնիտորինգի տակ: Իսկապես ասած, այս իշխանությունների կողմից ավելի հիմար «մարտավարություն» հնարավոր չէր պատկերացնել: Եթե ի վերջո համաներում էին անելու, կարող էին մի քանի ամիս առաջ անել՝ առանց Եվրախորհրդի ճնշման, եւ այդպիսի խղճուկ վիճակում չէին հայտնվի: Ի դեպ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի կարեւորագույն արդյունքն այն էր, որ Հայաստանի իշխանությունները «կոտրվեցին», եւ ամբողջ աշխարհին պարզ դարձավ, որ այդ իշխանությունները լավ էլ վախենում են, լավ էլ տեղի են տալիս ճնշումներին: Հետեւաբար՝ նրանց հետ աշխատել հնարավոր է միայն կարգին վախեցնելով: Ընդ որում, այն, որ Հայաստանի իշխանությունները վախի ազդեցության տակ ցանկացած զիջման կգնան, նորություն է թերեւս միայն եվրոպացիների համար, իսկ Հայաստանի ժողովուրդը վաղուց գիտի, որ այս իշխանության ցանկացած քայլ պայմանավորված է բացառապես վախով»:

«Ազգ»-ը զրուցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ադրբեջանի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում, նաեւ ՆԱՏՕ-ում, շատ ավելի ճկուն է. ըստ Ձեզՙ ի՞նչն է խոչընդոտում Հայաստանի դիվանագիտությանը լինել գոնե նույնքան ճկուն»: Մկրտչյանը պատասխանում է. - «առանց վարանելու կարող եմ ասել, որ Ձեր պնդումը իրականությանը չի համապատասխանում: Բոլոր դեպքերումՙ մենք առավել նախաձեռնող ենք եւ առավել վստահելի գործընկեր: Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ապատեղեկացնել, ապակողմնորոշել մյուսներին եւ վատաբանել Հայաստանին: Սակայն դա անհեռանկար մոտեցում է եւ ոչ մի կերպ չի կարող որակվել որպես «ճկուն քաղաքականություն»: Իսկ մենք մշտապես ներկայացնում ենք ճշմարտությունը` առաջին հերթին արցախյան հակամարտության վերաբերյալ, եւ դա կատարում ենք փաստարկված: Եվ եթե Ադրբեջանին ինչ-որ տեղ հաջողվում է արձանագրել թվացյալ հաջողություն, ապա դա իրոք թվացյալ է եւ խիստ կարճատեւ: Ձեր մեջբերած «ճկունությունը» բերել է այն արդյունքին, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային ատյաններում ընդունած որոշումները եւ բանաձեւերը համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը` հիմնախնդրի խաղաղ կարգավորում Մինսկի խմբի շրջանակներում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա»:

«Գոլոս Արմենիի»-ին մեկնաբանում է Հայաստանի արտաքին քաղաքականության ճգնաժամը. - «Բացարձակ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել հայկական քաղաքական տարածության շրջանակում: Երեւանը բանակցում է միանգամից երկու ճակատով, ընդ որում՝ այդ անհասկանալի բանակցությունները վարում է զուգահեռ ռեժիմով: Պատմությունն այլ նման օրինակ չգիտի, երբ մի պետություն ստիպված լինի առանձին-առանձին պայմանավորվել միանգամից երկու թշնամական պետությունների հետ: Պայմանավորվող մի երկրի կողմից մյուսի նկատմամբ անընդհատ ճնշման պայմաններում բանակցային պրոցես վարելը դառնում է անհնար: Պատմությունն այլ նման օրինակ չգիտի, երբ հանգամանքների նման դասավարության դեպքում բանակցությունները չսառեցվեն»:

«Հայկական ժամանակ»-ին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլի վերաբերյալ պարզաբանումներ է տվել արտաքին գործերի նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը: Նա ասում է. - «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունների ընթացքում ամենամեծ խոչընդոտը Հայաստանի իշխանությունների լեգիտիմության խնդիրն է: Ինչքան թույլ
է իշխանությունը Հայաստանում, ինչքան լեգիտիմության հետ կապված խնդիր ունեն, այնքան հեշտ է նրանց վրա գործադրել ճնշումներ եւ պարտադրել որոշումներ: Իսկ երբ դու ունես մեկ խնդիր՝ պահել քո ապօրինի զավթած աթոռը, ապա դու ենթակա ես ցանկացած ճնշման: Այստեղ ես շատ ակնկալիքներ ունեմ, որ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հստակ իրենց դիրքորոշումը կհայտնեն: Այսօր կա իշխանության դիրքորոշում, կա ընդդիմության դիրքորոշում, բայց չկա բուն կոնֆլիկտի մասնակցի դիրքորոշումը: Այսինքն՝ այդ տառապանքներով անցած, իր անկախությունը նվաճած հերոսական ժողովուրդը դեռ հնարավորություն չի ունեցել արտահայտել իր մոտեցումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG