Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների նոր սահմանափակումներ են մտցվում


Ադրբեջանում նոր սահմանափակումներ են առաջարկվում, որոնք, ինչպես ահազանգում են իրավապաշտպանները, է’լ ավելի կնվազեցնեն ժողովրդավարական ազատությունները այդ երկրում:

Երկրի խորհրդարանին երեքշաբթի օրը ներկայացվելու են օրենսդրական փոփոխություններ, որոնք, ըստ դրանց քննադատների, արտացոլում է նախագահ Իլհամ Ալիեւի կառավարման ավտորիտար բնույթը:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ` առաջարկվում է, մասնավորապես, որպեսզի ոչ կառավարական կազմակերպությունները արտերկրից ստանան իրենց ֆինանսավորման 50 տոկոսից ոչ ավելին, արգելվում է օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, եթե այն հիմնված չէ «համապատասխան միջազգային համաձայնագրի» վրա: Որեւէ թերթ կամ այլ հրատարակություն, որը երկու տարվա ընթացքում երեք անգամ «կողմնակալ հոդված» է հրապարակել, առաջարկվող փոփոխություններով կկանգնի փակման վտանգի առջեւ:

«Ընդունվելու դեպքում, այդ փոփոխությունները կմեծացնեն լրագրողների եւ իրավապաշտպանների գործունեության նկատմամբ կառավարության վերահսկողությունը եւ գրաքննությունը», - երկուշաբթի օրը հայտարարել է Amnesty International կազմակերպությունը:

Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մտահոգություն են արտահայտել նաեւ Human Rights Watch, Article 19, PEN իրավապաշտպան կազմակերպությունները: Եվրոպայի խորհուրդը հայտարարել է, որ այդ փոփոխությունների ընդունումը կարող է հանգեցնել Բաքվում իր քաղաքական դասընթացների դպրոցի փակմանը:

Այս տարվա մարտին անցկացված հանրաքվեով Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխություններ կատարվեցին, որոնցով վերացվեց երկրի նախագահի` երկու ժամկետից ավելի պաշտոնավարման արգելքը:

Իրավապաշտպան կազմակերպությունները եւ Ալիեւի ընդդիմախոսները Արեւմուտքին մեղադրում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները անտեսելու մեջ` այդ երկրի նավթի եւ գազի պաշարների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG