Մատչելիության հղումներ

Սելավը վնաս է պատճառել Լոռու Գուգարք եւ Շահումյան համայնքներին


Կիրակի օրվա սելավը վնաս է պատճառել Լոռու մարզի երկու՝ Գուգարք եւ Շահումյան համայնքներին: Անձրեւաջրերը, ողողելով գյուղերի փողոցները, հիմնովին քանդել են դրանք, ողողել տների առաջին հարկերն ու նկուղները, անասնագոմերը, վնասել ցանքսատարածություններն ու այգիները:

Դեռ երեկոյան աղետի վայր են այցելել Լոռու իշխանությունները, մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ փորձելով կանխել կամ մեղմել սելավի հետեւանքները:

Փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը հայտնեց, որ «Գուգարք գյուղի սկզբից մոտավորապես 2,5 կիլոմետր տարածության վրա ամբողջությամբ սելավաջրերն եկել են, փողոցը ավերել են, տեղ կա, որ 10 մետր փոս է գցել` պատկերացրեք ջրի հզորությունը, եւ այդ ամբողջ ջրաբերուկները լցրել գյուղի մեջ` տնամերձ հողամասեր, տների առաջին հարկեր, շինություններ»:

Շահումյան համայնքում, ըստ Անտոնյանի, ջուրը «նույնիսկ քշել է օժանդակ կառույցներ, անասնագոմ` անասուններով»:

Գուգարք գյուղի բնակիչները դեռ գիշերվանից դրսում են, փորձում են սեփական ուժերով վերացնել սելավի հետեւանքները:

Սելավը մի քանի փողոցների հետ միասին հիմնովին քանդել է գյուղի հիմնական փողոցը. այն դարձել է անանցանելի անգամ ոտքով քայլելու համար: Չի աշխատում գյուղից Վանաձոր գնացող ավտոբուսը: Վնասվել են գյուղի խմելու ջրի խողովակները՝ ծանրացնելով առանց այն էլ հոգսաշատ գյուղացու խնդիրների բեռը:

Ռուբիկ Սոլոմոնյանը պատմում էր, որ հեղեղը հիմնովին ողողել է իր տնակը՝ 16-հոգանոց ընտանիքին թողնելով տիղմի ու ցեխի մեջ:

Գուգարքի բնակիչները պատմում են, թե ճիշտ է, սելավներ շատ են եղել, բայց չեն էլ հիշում, թե երբ են վերջին անգամ նման աղետի ականատեսը դարձել:

Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանի հավաստմամբ` տեղական միջոցներով հնարավոր չէ վերացնել հետեւանքները. - «Հիմա սպասում ենք մարզային իշխանություններից թրթուրավոր տրակտորների, որոնց միջոցով միայն հնարավոր կլինի այդ ճանապարհները բացել: Մեծ վնաս է տվել` մեր ուժերով հնարավոր չէ դրանք վերականգնել»:

Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ սելավի հետեւանքներն ուսումնասիրելու ու վնասի չափը գնահատելու համար:

Երկուշաբթի օրը մարզ է այցելելու արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը՝ տեղում ծանոթանալու խնդրին:

Շահգելդյանը մարզ էր այցելել նաեւ երկու շաբաթ առաջ՝ կարկտահարությունից հետո: Այն ժամանակ եւս հստակեցվել էր վնասի չափը, որպեսզի որոշվի գյուղացուն տրամադրվելիք աջակցության բնույթը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ անցյալ շաբաթվա Վանաձոր այցից պարզ դարձավ, որ կառավարությունը օգնություն հատկացնելու հնարավորություն չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG