Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանել Ռուսաստանի նախագահը


Ռուսաստանի նախագահը Բաքվում, 3 հուլիսի, 2008
Ռուսաստանի նախագահը Բաքվում, 3 հուլիսի, 2008

Երկուշաբթի օրը մեկօրյա աշխատանքային այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը, այցը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեդվեդեւին այցի ընթացքում ուղեկցում են «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչները, ադրբեջանական լրատվամիջոցները, մի շարք վերլուծություններում, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, նշում են, թե գազի թեման Ալիեւ-Մեդվեդեւ բանակցություներում առանցքայիններից կլինի: Ադրբեջանական գազը գնելու հարցը, ըստ նրանց, այժմ հետաքրքրում է ռուսներին:

Ինչպես նշում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, «Գազպրոմ»-ը դեռ նախորդ տարի էր Ադրբեջանին առաջարկել շուկայական գներով նրանից գազ գնել: Եվ այժմ այդ առաջարկը` արդեն պայմանագրի տեսքով,կարող է դառնալ իրողություն:

Այցի ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումների, երկու երկրների նախագահները քննարկման թեմա կդարձնեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Վերջին անգամ Ալիեւն ու Մեդվեդեւը հանդիպել են այս ամսվա սկզբին` Սանկտ Պետերբուրգում ընթացող Տնտեսական համաժողովի շրջանակներում, երբ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայացավ եռակողմ` Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիեւ - Դմիտրի Մեդվեդեւ ձեւաչափով հանդիպում: Այնուհետեւ Մեդվեդեւը նաեւ առանձին հանդիպումներ ունեցավ երկու երկրների ղեկավարների հետ:

«Ռուսաստանը պատրաստ է սատարել Lեռնային Ղարաբաղի հակամարտության այն տարբերակը, որը կգոհացնի ներգրավված բոլոր կողմերին», - պետերբուրգյան հանդիպումից առաջ հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը` հավելելով. - «Կարծում ենք, առավել կենսունակ կարող է լինել այն որոշումը, որը տարածաշրջանը չի վերածի միջազգային ռազմաքաղաքական թատերաբեմի»:

Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ է ժամանում Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG