Մատչելիության հղումներ

Հունիսի 27-ի մամուլ


«168 ժամ»-ը խմբագրականում գրում է. - «Հունիսի 19-ի համաներման որոշումը լավ առիթ է հիշելու մի հարցի մասին, որը թեեւ ուղղակիորեն կապ չունի մարտի 1-ի հետ, սակայն պակաս կարեւոր չէ Հայաստանի քաղաքական կյանքում լուծման կարիք ունեցող խնդիրների տեսանկյունից: Խոսքը վերաբերում է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Զարմանալիորեն մոտ մեկուկես տարի շարունակվող այս թոհուբոհի մեջ կամա թե ակամա Վանո Սիրադեղյանի անունը չի հնչում քաղբանտարկյալների ցուցակում: Նա թեեւ ձերբակալված չէ, սակայն անհեթեթ մեղադրանքով հարուցված քրեական գործի պատճառով արդեն մոտ տասը տարի գտնվում է հետախուզման մեջ եւ փաստացի արտաքսված է Հայաստանից: Վանո Սիրադեղյանը քոչարյանական իշխանության հաստատումից ի վեր, ըստ էության, առաջին խոշոր քաղաքական ու պետական գործիչն է, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում բացառապես քաղաքական դրդապատճառներով: Հունիսի 19-ի համաներման որոշման մեջ ներառված չէ այն հոդվածը, որով «մեղադրվում է» Վանո Սիրադեղյանը: Սակայն, տվյալ դեպքում խնդիրը իրավական հարթությունում ու Քրեական օրենսգրքի հոդվածներում փնտրելը ծիծաղելի է: Ինչպես ժամանակին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քաղաքական իրադրության պատճառով եւ քաղաքական որոշման արդյունքում, այնպես էլ քաղաքական պետք է լինի նրա վրայից այդ մեղադրանքը հանելու որոշումը»:

«Առավոտ»-ի հարցին, թե արդյո՞ք «դավաճանական» էր Զարուհի Փոստանջյանի արարքը , ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանել է. - «Ես ցանկանում եմ հարց ուղղել Հայաստանի պատվիրակության մյուս անդամներին՝ այդ ի՞նչ էր գրել Զարուհի Փոստանջյանն իր առաջարկների մեջ, որ մեր պատվիրակության ոչ մի անդամ դրանց տակ չէր ստորագրել: Նա առաջարկել էր ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, վերստեղծել փաստահավաք խումբը՝ միջազգային փորձագետի մասնակցությամբ, եւ ժողովրդավարության վերաբերյալ. այդ ո՞ր կետի հետ մեր պատվիրակները համաձայն չէին, որ չստորագրեցին: Թող մեր պատվիրակության մյուս անդամներն այս հարցին պատասխանեն՝ նոր խոսեն, թե ինչու են ադրբեջանցի կամ թուրք պատվիրակները ստորագրել այդ փաստաթղթի տակ»:

Թեման շարունակում է «Ժամանակ»-ը. - «Ուր էր, թե Զարուհի Փոստանջյանի հեղինակությունը կամ վարկանիշը միայն լիներ հարցը: Թերեւս վստահ կարելի է ասել, որ Փոստանջյանը ինքն էլ ուրախ կլիներ, եթե ամեն ինչ սահմանափակվեր միայն դրանով, այլ ոչ թե այն լուրջ իրողությամբ, այն բարոյահոգեբանական ճգնաժամով, որ առկա է Հայաստանի ներկա կառավարիչների ուղեղներում ու պատկերացումներում: Այդ ճգնաժամի ծնունդ են հոգեխանգարմունքի տեսությունը, կոդավորված բառերի սինդրոմը եւ այդօրինակ այլ հանգամանքները, որով իշխանությունը մեկուկես տարի փորձում է անհուսորեն վարկաբեկել համաժողովրդական շարժումը: Ադրբեջանցիները եւ թուրքերը հասկացել են, որ ամենեւին կարիք չկա միջազգային որեւէ ատյանում պայքարելու Հայաստանը թուլացնելու համար, այլ ընդամենը հարկ է օժանդակել Հայաստանի հզորացմանը միտված որեւէ նախաձեռնություն, եւ Հայաստանի իշխանությունը ինքը հաշված ժամերի եւ օրերի ընթացքում այնպես կգրոհի, կոչնչացնի, կվարկաբեկի այդ նախաձեռնությունը, որ թուրքերն ու ադրբեջանցիները նույնիսկ կերազեին դրա մասին»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Իշխանական իրավաբանները զարմանալի ոչինչ չեն տեսնում նրանում, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում կեղծիքներ թույլ տված եւ ձեւի համար ձերբակալված մի քանի անձինք կալանավորվելուց մի քանի օր հետո ազատ արձակվեցին: Համաներում, ասում են, տարածվեց նրանց վրա, դրա համար էլ ազատվեցին: Իշխանական իրավաբանները զարմանալի ոչինչ չեն տեսնում նաեւ նրանում, որ Սասուն Միքայելյանը մնաց բանտում: Համաներումը չտարածվեց նրա վրա, ասում են նրանք: Եվ այս ամենը ասում են մի այնպիսի լուրջ տեսքով, կարծես Մոզամբիկի իշխանություններն են որոշել, թե համաներումը ինչ հոդվածների վրա տարածվի, ինչ հոդվածների վրա չտարածվի: Եթե Հայաստանի իշխանությունները իսկապես ընտրակեղծիքների եւ ընտրակեղծարարների դեմ պայքարելու ցանկություն ունեն, ոչինչ չէր խանգարում, որ ընտրական հանցագործություններն ընդգրկվեին այն հոդվածների թվում, որոնց վրա համաներումը չի տարածվում»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Եվ այսպես, հուլիսի 2-ին ՀԱԿ-ը Մատենադարանի մոտ կազմակերպում է արտահերթ միտինգ, որի ընթացքում ելույթ կունենան Տեր-Պետրոսյանը եւ համաներման արդյունքում ժամանակավորապես ազատ արձակված «քաղբանտարկյալները»։ Մեզ թվում է, եթե տղերքը շտապ չփոխեն սեփական մարտավարությունը, ապա բոլորիս կողմից երազած իշխանափոխությունը կվերածվի հավիտենական գործընթացի։ Լավ, ո՞վ է այդպես պայքարում հանցավոր վարչախմբի դեմ, մեղա՛ Տեր։ Ամպագոռգոռ հայտարարություններ, վերջնագրեր, միտինգներ, հեղաշրջման փորձեր. այս ամենը փակուղային ճանապարհ է»։

«Ազգ»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նախկին օգնական Դեւիդ Կրեմերը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարելի է արագացնել՝ հակամարտության կողմերի հետ աշխատելով ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլեւ դրանցից դուրս: «Գագաթաժողովներն ու հանդիպումները ընդամենը քննարկումներ են: Խնդրի հիմնական լուծումը այդ հանդիպումներից դուրս կողմերի հետ աշխատելու մեջ է», - ասել է Կրեմերը «Թրենդ»-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն մասնակցել ու մասնակցում է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, այդ թվումՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG