Մատչելիության հղումներ

Լոռիի գյուղերում պարտքեր են կուտակվել


Լոռու մարզը հողի հարկի հավաքագրման ցուցանիշի 10 տեղանոց սանդղակում յոթերորդն է: Ավելի պատկերավոր՝ վերջից երրորդ տեղում է: Մարզի համայնքների միջին ցուցանիշը նախատեսվածի կեսն է՝ այս տարի 58 տոկոս հողի հարկ է հավաքագրվել:

Լոռիից հետո Հանրապետությունում երեք մարզ է, որ անցած հինգ ամիսներին ավելի ցածր ցուցանիշներ է արձանագրել: Գույքահարկի հավաքագրման գործընթացն ավելի ցածր մակարդակի է՝ այս դեպքում մարզը վերջից երկրորդ տեղում է՝ իր 56 տոկոս ցուցանիշով: Իսկ փոխադրամիջոցներից գանձվող գույքահարկի հավաքագրման ցուցանիշն այլ մարզերի համեմատ ավելի ցածր է՝ Լոռին գրավել է նախավերջին տեղը:

Չնայած ցածր ցուցանիշներին՝ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճ է արձանագրվել: Ստացվում է, որ անցած տարվա մինչեւ կեսը հարկերի հավաքագրման մակարդակն ավելի ցածր էր, քան այս տարի:

Մարզի 108 գյուղական համայնքներից հարկեր չեն կարողանում հավաքագրել քիչ բնակչությամբ անբարենպաստ աշխարհագրական պայմաններ ունեցողները: 28 համայնք թերացել է հողի հարկի, 49 համայնք՝ գույքահարկի վճարման գործում:

Օրինակ՝ Վրաստանի սահմանին մոտ գտնվող Պաղաղբյուրը, որի գյուղացին հողի հարկ ընդհանրապես չի վճարել, իսկ գույքահարկ վճարվել է 0.1 տոկոսով: Պաղաղբյուրի զրոյական ցուցանիշը եզակի չէ: Նույն պատկերն է նաեւ 3 այլ համայնքներում:

Հարկ չգանձող համայնքապետերն այլընտրանք չունեն. որտեղի՞ց գյուղացուն փող:

Շամուտի պարտքը 3 անգամ շատ է, քան տեղական բյուջեի պարունակությունը: Անցած տարիներից համայնքը 20 միլիոն դրամի պարտք է կուտակել: Համայնքապետ Բաղիշ Վանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ պարտքերի «մարման տարբերակ չունի»:

Դաշտադեմի հողի հարկի հավաքագրման ցուցանիշը 5 տոկոս էլ չի կազմում: Համայնքապետ Հովսեփ Ոսկանյանը պատճառներից է համարում ոչ միայն անվճարունակությունը, այլեւ գյուղի դատարկումը: 1990-ականներից գյուղից ավելի շատ մարդ է հեռացել, քան այժմ բնակվում է: 300 մարդ լքելով գյուղը՝ հողի հարկերը թողել են համայնքի պարտքացուցակում:

Գույքահարկի մեջ մեծ թիվ են կազմում տրանսպորտային միջոցներից գոյացող պարտքերը: Միխայլովկա համայնքում, որտեղ նախկին ադրբեջանցիներ էին բնակվում, մինչ այժմ հաշվառված են ադրբեջանցիների ավտոմեքենաները՝ իրենց կուտակած 4 միլիոն դրամի պարտքով:

Համայնքապետ Լեւոն Դիլբարյանը սպասում է կառավարության որոշմանը՝ դրանք դուրս գրելու համար:

Հարկահավաքման գործընթացներում թերացող համայնքապետերին մարզխորհրդի նիստի ընթացքում խորհուրդ էին տալիս լավ աշխատել. կամ դատի տալ գյուղացուն կամ համոզել վճարել: Փոխմարզպետ Արսեն Դարբինյանը թերացող համայնքապետերին զգուշացնում է. - «Համայնքապետի հարցը դրվելու է քննարկման՝ ընդհուպ մինչեւ անվստահությունը: Ես սա ձեզ որ թե վախեցնելու համար եմ ասում, այլ իրազեկում եմ»:

Կամ համայնքապետերը դատական կարգով գյուղացուց կգանձեն հարկերը կամ էլ կհայտնվեն անվստահության թիրախում:

Շամուտի եւ Պետրովկայի համայնքապետերը համաձայն չեն դատի տալ առանց այն էլ հոգսաշատ գյուղացուն. - «Դատարան չենք տա: Ինչ դատարան տանք գյուղացուն: Քիչ-քիչ ոնց որ կարողանում ենք, հավաքում ենք՝ համոզելով»:

Լոռիի համայնքների պարտքերը բազմազան են՝ հարկերից մինչեւ աշխատավարձեր: Կառավարությունը նրանց պարտքի բեռը թեթեւացնելու համար որոշել է զիջել չվճարված հարկերի տույժերը՝ եթե, իհարկե, գյուղացին ի վիճակի լինի մարել մայր պարտքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG