Մատչելիության հղումներ

Դեսպան Մնացականյանը Եվրախորհրդում քննադատելու խնդիր չի տեսնում


Եվրախորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ուրբաթ օրը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

Դիտարկմանը, թե Հայաստանում կան գործիչներ, ովքեր պնդում են, թե Եվրոպան, նախքան «մեզ խելք սովորացնելը, թող իր տունը կարգի բերի», Մնացականյանը արձագանքեց. - «Եվրոպայի խորհրդում կա 47 անդամ պետություն: Ժողովրդավարությունը իդեալական չէ որեւէ տեղ: Եթե մենք ուշադիր հետեւենք օրակարգին, 11 երկիր կա Եվրախորհրդում, որոնք հետանդամակցության մոնիտորինգի մեջ են»:

«Մենք ունեցել ենք, բնականաբար, շատ ծանր տարի՝ շատ պարզ պատճառներով; Մենք եղել ենք շատ ավելի հատուկ ուշադրության կենտրոնում», - հավելեց նա:

Հայաստանում այսօր լայնորեն քննարկվում է այն, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկությանը սատարել են թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներ:

Հարցին, թե ինչպես է վերաբերում երեւույթին, երբ, օրինակ, Եվրախորհրդում հայաստանյան քաղաքական գործիչը ելույթ է ունենում՝ պահանջելով, որ Եվրախորհուրդը բանեցնի իր ազդեցությունը Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը շտկելու առումով՝ Հայաստանում արժանանալով քննադատության, Մնացականյանը արձագանքեց. - «Բնական է, որ ես մեր քաղաքական գործիչների տարբեր դիրքորոշումները չեմ քննադատելու եւ չեմ մեկնաբանելու: Բայց, անկեղծ ասած, պարոն Աբրահամյանը [Ազգային ժողովի նախագահը] այստեղ իր ելույթում ասաց, որ՝ այս ենք մենք, եւ կարող եք խոսել մեր պատվիրակության անդամների հետ եւ կտեսնեք, որքան բազմազան է եւ բազմակարծիք է [հայաստանյան] քաղաքական դաշտը»:

«Սա մեր բազմակարծությունն է, արտահայտվում է այստեղ: Եվ ընդհանուր ընտանիքում մեծ խնդիր չկա», - շարունակեց Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: - «Զգայունությունը սուվերենության հանդեպ, իհարկե, նշանակություն ունի, բայց, մյուս կողմից, ընդհանուր ընտանիքում խոսելու, քննարկելու, քննադատելու... ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Մյուս կողմից, իհարկե, պետք է շատ զգայուն լինել եւ հասկանալ, որ, ի վերջո, սա միջազգային կազմակերպություն է, ի վերջո, այստեղ անդամ պետություններ են ներկայացված, եւ 47-ից ամեն մեկը ունի իր ազգային շահերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG