Մատչելիության հղումներ

Հայաստանյան քաղաքական ուժերը քննարկում են ԵԽԽՎ-ի բանաձեւը


Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «հավասարակշռված» գնահատեց ԵԽԽՎ-ի 1677 բանաձեւը:

«Համամիտ եմ Վեհաժողովի հիմնական գնահատականների հետ: Կարծում եմ բավականին հավասարակշռված փաստաթուղթ էր: Նշված էին թե՛ բացթողումները, թե՛ ձեռքբերումները, եւ կարծում եմ, որ այդ փաստաթղթում գրված ոգին համապատասխանում է Հայաստանի ներքին հասարակական կյանքին», - ասաց Շարմազանովը: - «Հայաստանը մնաց մոնիթորինգի տակ, որովհետեւ ժողովրդավարությունը շարունակական գործընթաց է, եւ գործընթացները միանգամից չեն ավարտվում»:

«Հիմնական խնդրիրն այն էր, որ մարտի 1-2-ի էջը դեռեւս փակված չէ, բայց միաժամանակ, այնտեղ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները կամք են դրսեւորում, որպեսզի նոր էջից սկսեն ժողովրդավարական բարեփոխումների շարունակումը եւ ունեն քաղաքական կամք` վճռականորեն գնալ այդ ուղղությամբ», - հավելեց Շարմազանովը` նշելով, որ Հայաստանի իշխանությունները բարեփոխումներ իրականացնում են «ոչ թե միջազգային կառույցների հորդորներով, այլ ներքին պահանջներից ելնելով»:

Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի կարծիքով, չնայած ընդդիմության սպասելիքներին, որ սա լինելու էր հերթական «լղոզված» բանաձեւը, 1677-ը լուրջ խնդիրներ եւ ընթացակարգեր է սահմանել` «բավական կոշտ կերպով» առաջադրելով մարտի 1-ի բացահայտման ու կալանավորված ընդդիմադիրների ազատ արձակման խնդիրները:

«Իշխանությունները անակնկալի եկան: Մտածում էին, որ համաներում հայտարարելով կփրկվեն ամեն ինչից եւ մեկնում էին Ստրասբուրգ մեծաքանակ պատվիրակությամբ, մտածելով, որ դափնեպսակներով պիտի վերադառնան եւ՝ Հայաստանը մոնիտորինգի տակից հանած: Կարծում եմ, շատ մեծ հիասթափություն ապրեցին», - ասաց Ստեփան Սաֆարյանը:

«Իշխանությունները մի քանի առումներով շատ տհաճ վիճակում հայտնվեցին, որովհետեւ այնտեղ պարզ դարձավ այդ հանգամանքը, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը խոստացել է նրանց, որ Աղվան Հովսեփյանին կպարտադրի փաստեր փոխանցել: Այնտեղ Կոլոմբիեյի եւ Պրեսկոտի ելույթներում հստակ գնաց այն թեզը, որ իրականում համաներում հայտարարվել է իրենց ասելով. այն, ինչ փորձ էր արվում թաքցնել: Այսինքն, ակնհայտ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները բացառապես հաշվետու են միջազգային կառույցներին, որ Հայաստանի Հանրապետության նախագահը եւ իշխանությունները վախենում են միջազգային կառույցներից եւ հլու-հնազանդորեն կատարում են բոլոր այն պահանջները, որ նրանք դնում են»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ի թիվ 1677 բանաձեւով շատ հստակ գնահատական է տրվում Հայաստանում առկա իրավիճակին. - «Որեւէ փոփոխություն մեզանում չի տեղի ունեցել, որեւէ առաջընթաց չկա, բացի քաղբանտարկյալներից ոմանց ազատ արձակելուց: Դա միակ առաջընթացն է, ինչը նաեւ երեւում է բանաձեւի տեսքից»:

Կարապետյանը ուշադրություն է հրավիրում 1677 բանաձեւում Փաստահավաք խմբի լուծարմանը եւ 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը վերաբերող կետերին:

Ինչ վերաբերում է բանաձեւի այն եզրակացությանը, թե համաներման մասին ԵԽԽՎ-ի պահանջը կատարելով եւ մարտի 1-2-ի դեպքերի անկախ եւ արժանահավատ հետաքննություն անցկացնելու մասին վստահեցնելով` Հայաստանի իշխանությունները հստակ ցույց են տալիս «քաղաքական ճգնաժամը եւ դրա հետեւանքները հաղթահարելու իրենց պատրաստակամությունը», Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանեց. - «Կարծում եմ, սա այն դեպքն է, երբ հնարավորություն է տրվում Հայաստանի իշխանություններին` դրական տեղաշարժեր իրականացնել: Միեւնույն ժամանակ, ես չեմ հավատում, որ դա հնարավոր է»:


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, լավ է, որ Հայաստանին մոնիթորինգի տակ են պահում, որովհետեւ «մենք այլ լեզու չենք հասկանում». - «Կարեւորը այն է, որ Եվրախորհրդում էլ հասկացան, որ պետք չէ մեր ազգի համար ողբերգությունը` մարտի 1-ը, վերածել քաղաքական լծակի մեր դեմ: Մենք ունենք խնդիր, որ դեռ չենք լուծել, բայց դրա համար Եվրախորհրդի աջակցության կարիքն ունենք, եւ ոչ թե մտրակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG