Մատչելիության հղումներ

Հունիսի 26-ի մամուլ


«Ազգ»-ը գրում է. - «Հանկարծ ու պարզ դարձավ, թե ինչու էր ուշացնում հայրենի իշխանությունը համաներումը: Պարզվեց` անհիմն չէ նրա վախը, թե ազատազրկվածներին արձակելը անշնչացած ընդդիմությանը երկրորդ շնչառություն կարող է տալ, որոնք արհեստականորեն ինքնաբորբոքվելով` չեղած տեղը նորից արյուն են պղտորելու: Ճիշտ որ` հենց այդպես էլ կա, մարդիկ ազատվել են, փոխանակ գնան տուն, մտորեն իրենց հետագա` աշնանային անելիքի մասին, դեռ արտահերթ հանրահավաք են նշանակում, որի ժամանակ երեւի ուզում են պարզել` ամփոփե՞ն համաներման արդյունքում ստեղծված «նոր» իրավիճակը, մի քիչ էլ ռեզինի նման ձգեն, մի փոքր էլ հեղափոխական երգեր երգե՞ն (եթե, իհարկե, համեմատաբար կրիտիկական ընտրազանգված ունենան), թե՞ հրաժեշտ տան եւ իսկապես գնան մտորելու»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ որոշ հանրապետականներ արդեն սկսել են քննարկել այն հարցը, թե համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Մյասնիկ Մալխասյանի փոխարեն ով է դառնալու պատգամավոր. - «Անգամ անուններ են շոշափվում, այդ թվում նաեւ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար, իրականում Երեւանում բնակվող եւ Սոցիալական ապահովագրության հիմնադրամում աշխատող Հովհաննես Սահակյանի անունը: Իսկ Հակոբ Հակոբյանը պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով, նրա գործընկերները չեն էլ կասկածում, որ եթե Հակոբը նորից դնի իր թեկնածությունը, էլի հարյուր տոկոսով կանցնի: Մինչդեռ իրենք՝ դատարանի վճռով դատապարտված եւ համաներմամբ ազատ արձակված պատգամավորները վստահ են, որ ցանկության դեպքում պահպանելու են մանդատը»:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի հետ: Լրագրողի հարցին, թե ինչը ավելի շատ դրդեց իշխանություններին գնալ համաներման, Մաթեւոսյանը պատասխանել է. - «Իշխանությունները «համաներմանը» քայլ-քայլ գնացել են՝ Եվրոպայի ճնշման տակ: Բայց այն, առաջին հերթին, պայմանավորված է Համաժողովրդական շարժման կայուն գոյությամբ: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե այստեղ չլիներ այդ Շարժումը, եթե սրա հետ նույն Եվրոպան հաշվի չնստեր՝ որպես ժողովրդավարացման, սահմանադրական կարգի ամրապնդման հնարավորություն, նա թքած կունենար այս 100-150 մարդու ազատազրկված լինելու վրա»: Հարցին էլ, թե արդյո՞ք քաղբանտարկյալների ազատ արձակումը ազդեցություն կունենա Համաժողովրդական շարժման մարտավարության վրա, նախկին քաղբանտարկյալը արձագանքել է. - «Այն, որ հուլիսի 2-ին հանրահավաք է լինելու, արդեն իսկ նշանակում է, որ ազդեցություն թողել է: Բայց ավելի կարեւորը դա չէ. ավելի կարեւորն այն է, որ հենց այդ հանրահավաքում հասարակությունը կտեսնի, որ անգամ այդ մարդկանց ազատազրկելուց հետո էլ այդ մարդիկ անկոտրում են, եւ կարծում եմ՝ դա մարդկանց ավելի կխանդավառի»:

«Իրավունք» թերթը զրուցել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ԵԽԽՎ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը բանաձեւում ուղղումներ էր առաջարկել, որոնք օրակարգ էին մտել ադրբեջանցի եւ թուրք գործընկերների ստորագրությամբ: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ»: Զոհրաբյանը պատասխանում է. - «Սա, կարծում եմ, իր մեջ քաղաքական էթիկայի խնդիրներ է պարունակում: Եվ ինձ համար առնվազն զարմանալի է, որ տիկին Փոստանջյանը Հայաստանում ժողովրդավարություն է ուզում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատգամավորների հետ միասին: Ինչպես կարելի է հարյուրից ավելի այդ պատվիրակներ մեջ նախընտրել հենց այդ երկուսին՝ ստորագրելու այդ առաջարկությունների տակ, երբ այդ նույն պատվիրակները այդ նույն օրը ՀՀ-ին թաղեցին ամենախայտառակ ապատեղեկատվությամբ՝ Հայաստանի Հանրապետության իշխանություններին անվանելով հանցագործներ եւ մարդասպաններ»:

«Տարեգիր»-ը խմբագրականում գրում է. - «Զգացմունքային պոռթկման, ծայրահեղ գնահատականի վառ նմուշ է իշխանությանն ու ընդդիմությանը մի հարթության վրա դնելու, նույն հարթության վրա դիտարկելու մոլորությունը, որն արտահայտվում է «իրար արժեն» ընդհանրացմամբ: Իշխանությունն ու ընդդիմությունը կշեռքի հակադիր նժարներին նրանց ունեցած մեղքերով, սխալներով, վրիպումներով հավասարակշռելու փորձերը միայն առերեւույթ են անկողմնակալության դրսեւորումներ: Իշխանությունն ու ընդդիմությունը իրար ամենեւին էլ չարժեն: Իրականում հսկայական անդունդ կա նրանց դավանած արժեհամակարգերի, ընկալումների, բարոյական նկարագրերի, մտավոր կարողությունների միջեւ»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է արել ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում չորեքշաբթի երեկոյան ԵԽԽՎ լիագումար նիստում «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցի քննարկումից, անհաճո պահանջները վերահաստատած 1677 բանաձեւի ընդունումից եւ էկզոտիկ Հովիկ Աբրահամյանի ելույթի կատարյալ տապալումից հետո: Երեւակայեք` ամբողջ իշխանական դեսանտով գնացել են ռեստորան: Ո՞ւմ նախաձեռնությամբ` Հովիկ Աբրահամյանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG