Մատչելիության հղումներ

ԿԲ-ի նախկին նախագահը տագնապ է հնչեցնում


Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, մեկնաբանելով երեկվա ասուլիսում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսի հայտարարությունը, թե ՀՆԱ-ի շուրջ 50 տոկոսը կազմող արտաքին պարտքը «կառավարելի» է, ասաց, թե Հայաստանի պարագայում կարեւոր է «մեկ այլ գործոն»:

«Հայաստանի պարագայում կա մեկ այլ գործոն, որը, այսպես ասած, սարսափի տեղիք է տալիս. Մենք, ըստ էության, չունենք արտահանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց Ասատրյանը: - «Եթե այս տարվա տարեսկզբից նշմարված միտումները շարունակվեն, մենք տարին ամփոփելու ենք ընդամենը 5-6 միլիոն արտահանումով: Երբ համադրում ես արտահանման թվերը այսօրվա արտաքին պարտքի հետ՝ ընդամենը 20 տոկոսն է ծածկում»:

Հինգշաբթի օրը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) ընդունեց, որ առաջին հերթին շինարարության ոլորտը զարգացնելով, Հայաստանը կարող է բախվել «շատ լուրջ խնդիրների»՝ արտաքին պարտքը փակելու առումով. - «Շինարարությունը արտահանելի ճյուղ չէ, եւ այստեղ բավականին մեծ ՀՆԱ-ի տոկոս ունենալը բավականին ռիսկային է»:

Արյուժթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը, մինչդեռ, երեկ հայտարարել էր, թե Հայաստանը կարող է ժամանակին մարել իր արտաքին պարտքը. - «Մենք ակնկալում ենք, որ առաջիկա մի քանի տարիներին ինչպես համաշխարհային տնտեսությունը, այնպես էլ Հայաստանի տնտեսությունը կվերականգնվեն: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ միջազգային շուկաներում գները կվերականգնվեն՝ արդեն իսկ պղնձի միջազգային գների աճ է արձանագրվել, ինչը կարեւոր է Հայաստանի արտահանման համար: Սպասվում է, որ կբարձրանան նավթի գները, ինչը դրական ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա, ինչն էլ, իր հերթին, կազդի Ռուսաստանից Հայաստան հոսող դրամական փոխանցումների վրա»:

Նույն կարծիքին է նաեւ Գագիկ Մինասյանը, ում համոզմամբ, անգամ Համաշխարհային բանկի վարկից հետո Հայաստանի արտաքին պարտքը չի գերազանցի ՀՆԱ-ի 30 տոկոսը, իսկ այդքան գումարն էլ հնարավոր կլինի մարել, քանզի առաջիկայում «իրավիճակը հայաստանյան տնտեսությունում կփոխվի»:

Երեկվա ասուլիսում Նինկե Օմեսը նաեւ ասել էր. - «Որպես ավանդույթ ԱՄՀ-ն միայն Կենտրոնական բանկին է տրամադրել վարկեր, բայդ այս անգամ մենք նախնական համաձայնություն ունենք, որ 823 միլիոն դոլար վարկի որոշ մասը՝ 323 միլիոն դոլարը ուղղվելու է Կառավարությանը: Սա նշանակում է, որ այդ գումարը կարող է ուղղվել բյուջե եւ կառավարությունը այն կարող է օգտագործել ծախսեր կատարելու, կենսաթոշակները վճարելու համար»:

Գագիկ Մինասյանը, սակայն, այս հարցում որեւէ պրոբլեմ չի տեսնում. - «Մենք հավաքում ենք այնքան հարկեր, որ կարողանում ենք լիուլի մեր սոցիալական խնդիրները կարգավորել ե'ւ աշխատավարձի, ե'ւ թոշակի առումով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG