Մատչելիության հղումներ

Կառավարությունը սելավների պատճառներն եւ հետեւանքները վերացնելու գումար չունի


Անցած շաբաթվա սելավները Վանաձորի ծայրամասային՝ հատկապես անտառի փեշին տեղակայված թաղամասերին զգալի վնաս են պատճառել:

«Սելավաջրերը բարձրանալով` ամբողջ գետը եկել, իմ դռնով դուրս է եկել, լցվել է տան նկուղը», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Վանաձորի Մարգարյան փողոցի տուժած տներից մեկի բնակիչը:
«Մեր ամբողջ նկուղում մարդաբոյ ջուր էր», - սելավի հետեւանքները նկարագրեց մի կին:

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը մատնանշեց աղետի հիմնական պատճառը. - «Ջրաբերուկները եկել են, կպել են սելավատարի վրայի կառույցներին, խցանել են այն, եւ ջուրը փոխել է իր հունը»:

Սելավի հետեւանքով այս թաղամասում Լոռու մարզպետն արտակարգ իրավիճակ էր հայտարարել, այստեղ էին հասել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարը, այլ պաշտոնյաներ ու մասնագետներ: Սելավատարի հունը փոփոխելով հաջողվել էր կանխել Մարգարյան փողոցում գտնվող շուրջ 60 տների՝ սելավաջրերով ու տիղմով ողողումը:

Քաղաքապետարանում ասում են, թե աղետի պատճառը ոչ միայն սելավն է, այլեւ անտառից եկող ջրերի համար նախատեսված սելավատարի վրա կառուցված ինքնակամ շինությունները: Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Ոսկանյանի գնահատմամբ, սելավատարի խցանման ու գետի հունի բարձրացման միակ մեղավորը բնակիչներն ու իրենց անօրինական կառուցված շինություններն են:

Բնակիչները համաձայն են քանդել սելավատարի վրա կառուցված իրենց ավտոտնակները, մառաններն ու նկուղները, միայն թե աղետը չկրկնվի: Միեւնույն ժամանակ, նրանք փոխհատուցում են պահանջում՝ կրած վնասի, կորցրած անասունների ու գույքի դիմաց:

«Հիմնական լուծում տալու համար մենք նախահաշիվ ենք պատրաստել: Միայն Մարգարյան փողոցի ինքնակամ շինությունները քանդելու եւ գետի հունը մաքրելու, երկաթբետոնյա հուն կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 80 միլիոն դրամ: Մենք նախահաշիվը ներկայացրել ենք կառավարություն: Համայնքի ուժերից վեր է այդ գումարները հատկացնել», - նշեց Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն օրեր առաջ Վանաձոր այցելելով՝ հայտարարել էր, որ կառավարությունը, հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում, Մարգարյան փողոցի բնակիչներին օգնելու հնարավորություն չունի: Ընդ որում, ժամանակին վարչապետը հենց այս թաղամասում է բնակվել:

Վարչապետի հայտարարությունը փողոցի բնակիչներին հիասթափեցրել ու զայրացրել է: Վանաձորի տեղական բյուջեով գետերի հուների եւ սելավատարերի մաքրման համար այս տարի հատկացված է 12 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG