Մատչելիության հղումներ

Համաներման շուրջ կարծիքները շարունակում են հակադիր մնալ


Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ին որոշմամբ հայտարարված համաներման շուրջ հայաստանյան քաղաքական գործիչներն ու իրավագետները շարունակում են արտահայտել տարբեր, հաճախ հակադիր կարծիքներ:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի (ՀՀԿ) կարծիքով, համաներումը «զգալիորեն կթուլացնի հասարակական ճգնաժամն ու լարվածությունը»:

«Միաժամանակ, սա պետք է դաս լինի թե' իշխանության, թե' ընդդիմության համար», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ասաց Պետրոսյանը: - «Այս փորձը, այս դասը ցույց տվեց ե'ւ իշխանությանը, որ նա պետք է մի քիչ ավելի հանդուրժողական լինի այդպիսի դեպքերի կապակցությամբ, ե'ւ միաժամանակ ընդդիմությունը հասկացավ, իմ կարծիքով, որ չի կարելի այդ զանգվածային անկարգությունը անընդհատ լարել եւ պետությանը տապալելու կոչեր անել»:

Մինչդեռ, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով, համաներումը քաղաքական լարված իրավիճակը ոչ մի կերպ չթուլացրեց:

«Քաղբանտարկյալների ազատման այսպիսի կիսատ-պտառ ձեւով կատարված գործընթացը, որի հետեւանքով շարունակում են քաղաքական պատանդներ մնալ բանտերում, ցավալի է, բայց չլուծեց ամենակարեւոր խնդիրը: Այսինքն՝ առճակատման մեղմացումը, քաղաքական լարված իրավիճակի եւ մթնոլորտի լիցքաթափումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ մայիսի 31-ի ավագանու ընտրությունների ընթացքում կեղծիքներ իրականացրած եւ այս առնչությամբ ձերբակալված մարդիկ փաստորեն օրեր հետո համահերմամբ ազատ արձակվեցին, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց. - «Ճիշտ է, այսօր ոչ մեկիս էլ դուր չի գալիս, որ այսօր ընտրակեղծիք է կատարել, կալանքի է վերցվել, մի քանի օր հետո ազատվի: Բայց կա Սահմանադրության 14.1 հոդված, որտեղ ասվում է, որ մեր քաղաքացիները բոլորը հավասար են օրենքի առջեւ: Եթե մենք համաներում ենք հայտարարում, այդ մարդիկ էլ արդեն կալանքի տակ են գտնվում, եւ պատժաչափն էլ ընկնում է այդ համաներման տակ, հնարավոր չէր չկիրառել»:

Իրավագետ Արա Գաբուզյանի խոսքերով, մինչդեռ, համաներման ակտում հնարավոր էր առանձին կետով բացառել այս անձանց ազատ արձակումը:

«Համաներմամբ ով կարող է ազատվել եւ ով՝ ոչ, զուտ օրենսդիր մարմնի գործն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գաբուզյանը: - «Եթե այնպիսի ցանկություն լիներ, որ չազատվեին եւ համաներման ակտը չտարածվեր այն անձանց վրա, ովքեր ընտրական գործընթացների հետ կապված հանցանքներ են կատարել, այդ դեպքում կարելի էր համաներման ակտում առանձին կետով նշել, որ համաներումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր հանցանք են կատարել՝ կապված ընտրական գործընթացների հետ»:

«Վերջին ժամանակներում Հայաստանում հաճախ է համաներում հայտարարում, ինչը, եթե հաշվի չառնենք քաղաքական կողմը, իրավական առումով հիմնավորված չէ», - շարունակեց Արա Գաբուզյանը: - «Դա բոլորովին չի նպաստում օրենքի կայունությանը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ համաներման ակտերի հաճախակի ընդունումը բարդացնում է քրեածին իրավիճակը երկրում: Բացի այդ, համաներման ակտով օրենսդիր իշխանությունը շատ հաճախ մտնում է դատական իշխանության գործառույթների ոլորտ, եւ շատ հաճախ՝ անարդարացի, չհիմնավորված»:

Իսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով, մեր երկրում համաներումները հնարավորինս հաճախ պետք է հայտարարվեն՝ հաշվի առնելով դատական համակարգի անկատարությունը:

Ինչ վերաբերում է այս համաներմանը, ապա այն, ըստ փաստաբանի, ոչինչով չի տարբերվում խորհրդային տարիներին եւ դրանից հետո եղած բոլոր համաներումներից: Այսինքն՝ որպես հիմնական չափանիչ շարունակում մնալ պատժաչափը. - «Ես գտնում եմ, որ դա սխալ է: Համաներումը պետք է կիրառվի կոնկրետ հանցատեսակների վերաբերյալ՝ նոր արդեն սահմանելով, թե ինչ անձ կարող է չենթարկվել: Որովհետեւ, ասենք, 3 տարվա ազատազրկման կարող են դատապարտված լինել ամենատարբեր մարդիկ ամենատարբեր հանցագործությունների համար: Եթե մենք չենք տարբերակում հանցագործներին, ապա պետք է բոլորին ազատ արձակել: Բայց եթե մտցնում ենք տարբերակում, այն պետք է հստակ լինի՝ ըստ հոդվածների: Ինչ վերաբերում է մարտի 1-ին, ապա այստեղ ակնհայտ ծուղակ է թողնված, որովհետեւ մինչեւ 5 տարի է տարածվում [համաներումը], իսկ հոդվածները նախատեսում են ավելի շատ պատժաչափ: Օրինակ, 225 հոդվածի առաջինը մասը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG