Մատչելիության հղումներ

Իրանի իշխանությունը ուժեղացնում է ճնշումները


Իրան - Ոստիկանությունը վերահսկում է Թեհրանի փողոցները
Իրան - Ոստիկանությունը վերահսկում է Թեհրանի փողոցները

Իրանի իշխանությունները ուժեղացնում են ճնշումները ընդդիմության ղեկավար Միր-Հոսեյն Մուսավիի նկատմամբ: Ոստիկանությունը ձերբակալել է Մուսավիին պատկանող թերթի 25 լրագրողների եւ այլ աշխատակիցների. թերթը փակվել էր դեռեւս 10 օր առաջ: Երկրի պահպանողական կղերական մամուլը անվերջ հարձակումներ է գործում բարեփոխական գործչի վրա:

Թեեւ չորեքշաբթի օրը խոշոր բախումներ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ չեն արձանագրվել մայրաքաղաք Թեհրանի փողոցներում, սակայն իրադրությունը լարված է` ամեն պահի բախումները կարող են վերսկսվել:

Իրանը հրաժարվեց չեղյալ համարել նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքները, ինչպես պահանջում է ընդդիմությունը` պնդելով, թե արդյունքները կեղծված են: Սակայն երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին չորեքշաբթի օրը եւս 5 օրով երկարաձգեց քվեարկության արդյունքները վիճարկող բողոքների հետաքննման վերջնաժամկետը:

Այս ամենը տեղի է ունենում Իրանի եւ Արեւմուտքի միջեւ աճող լարվածության պայմաններում, երբ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք 0բաման Իրանի իշխանությունների հասցեին ուղղեց մինչեւ այժմ իր կողմից հնչեցված ամենաուժեղ քննադատությունը: «Միացյալ Նահանգները եւ միջազգային համայնքը վրդովված եւ զայրացած են այն սպառնալիքներով, ծեծով եւ ձերբակալություններով, որ տեղի էին ունենում վերջին մի քանի օրերի ընթացքում: Ես խստորեն դատապարտում եմ այս անարդար գործողությունները եւ միանում եմ ամերիկյան ժողովրդին` սգալու յուրանքանչյուր անմեղ զոհի հիշատակը», - ասաց 0բաման երեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:

Սակայն նա իր մեկնաբանություններում պահպանում էր զգուշավորություն եւ քննադատում էր միայն Իրանի կառավարության բռնարարքները սեփական ժողովրդի նկատմամբ: ԱՄՆ-ի նախագահը առայժմ ոչինչ չի ասում, թե ընտրությունները ինչպես են անցկացվել իրականում:

«Միացյալ Նահանգները հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը եւ չի միջամտում նրա ներքին գործերին: Բայց մենք պետք է նաեւ տեսնենք այն քաջությունը եւ արժանապատվությունը, որ ցուցաբերում է Իրանի ժողովուրդը.... մենք պետք է դատապարտենք բռնությունները անմեղ քաղաքացիների նկատմամբ, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան», - հայտարարեց Բարաք 0բաման:

ԱՄՆ-ի նախագահը քննադատեց Իրանի իշխանությունններին ժողովրդին մեկուսացնելու փորձերի, օտարերկրյա մամուլի ներկայացուցիչներին երկրից վտարելու համար:

0բաման իր այս նոր մեկնաբանություններով փորձում էր նաեւ լռեցնել Միացյալ Նահանգների իր քննադատներին` հիմնականում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք պնդում են, թե ԱՄՆ-ի նախագահը չափազանց մեղմ է արձագանքել Իրանի վարչակազմի բռնարարքներին:

«2009 թվականին ոչ մի երկաթյա բռունցք չի կարող այնքան զորեղ լինել, որ աշխարհից ծածկի հանուն արդարության անցկացվող խաղաղ ցույցերը», - ասաց 0բաման:

Թեհրանից ստացված հաղորդագրության համաձայն` այաթոլա Ալի Խամենեին չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Իրանը չի զիջի ընտրություննների հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG