Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների մեծ մասը դրական են գնահատում Պուտին-Մեդվեդեւ տանդեմի գործունեությունը


Ռուսաստանցիների մեծ մասը դրական են գնահատում Պուտին-Մեդվեդեւ տանդեմի գործունեությունը: Այդ են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցների գրեթե կեսը համարում են, որ տանդեմը արդյունավետ է աշխատում, մեկ վեցերորդը` շատ արդյունավետ: Ըստ նրանց, այդ արդյունավետ համագործակցության, երկրի համատեղ կառավարման արդյունքում բարձրացել է շարքային ռուսաստանցիների կենսամակարդակը` չնայած ներկայիս ճգնաժամին:

Պուտին-Մեդվեդեւ տանդեմի գործունեությունը բացասական են գնահատում հարցմամբ ընդգրկված ռուսաստանցիների 23 տոկոսը: Նրանց կարծիքով` ռուսաստանցիների կենսամակարդակը վերջին մեկ տարում զգալիորեն նվազել է, իսկ երկրի տնտեսությունը ոչ միայն չի զարգանում, այլեւ` հակառակը:

Բացի այդ, իշխանություններից դժգոհ ռուսաստանցիները նշում են գործազրկության աճը, կոռուպցիան, գնաճը, աշխատավարձերի ուշացումը, որը, ի դեպ, շատ տարածված երեւույթ է դարձել այսօրվա Ռուսաստանում:

Հարցվածների 9 տոկոսը ասել են, որ Պուտինը ավելի արդյունավետ էր կառավարում, քան Պուտին-Մեդվեդեւ տանդեմը: Ընդ որում, ռուսաստանցիների 69 տոկոսը այսօր էլ Պուտինին համարում են Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը:

Այդուհանդերձ, հարցվածների երկու երրորդը կանխատեսում են, որ Պուտին-Մեդվեդեւ տանդեմը երկար կյանք կունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG