Մատչելիության հղումներ

Համաներմամբ ազատ արձակվեցին եւս 4 ընդդիմադիրներ


Ազգային ժողովի կողմից համաներում հայտարարելու որոշման արդյունքում երեքշաբթի շարունակվեց 2008-ի հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրների ազատ արձակումը: «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանին դիմավորելու էին եկել իր ընկերներն ու բարեկամները, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, երեկ համաներմամբ ազատ արձակված Սմբատ Այվազյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

«Ես տոկունություն, կամք, արիություն եմ ցանկանում ճաղավանդակների հետեւում մնացած մեր բոլոր ընկերներին ու խոստանում եմ, որ մենք իրենց արագ ազատ ենք արձակելու», - դուրս գալով քրեակատարողական հիմնարկից` հավաքված լրագրողներին հայտարարեց Ջհանգիրյանը:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալը ներկայացրեց համաներման իր գնահատականը. - «Ժողովրդական շարժման ճնշումների, եվրոպական կառույցների հորդորների ազդեցության տակ ընդունվեց կիսահղի փաստաթուղթ»:

Ջհանգիրյանը նաեւ նշեց, որ իրեն համարում է Հայ ազգային կոնգրեսի «շարքային զինվոր», եւ, համապատասխանաբար, պատրաստվում է հետեւել ՀԱԿ-ի կատարելիք քայլերին:

Մարտի 23-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Գագիկ Ջհանգիրյանին, Գլխավոր դատախազի նախկին տեղակալին մեղավոր ճանաչելով 316 հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու» համար:

Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ ելույթ էր ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հանրահավաքում:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել «ընտրական գործընթացը խոչընդոտելու համար»: Մակեյանի մի քանի տասնյակ ընկերներն ու աջակիցները «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահին դիմավորեցին հորդառատ անձրեւի տակ:

«Դրել են, փակել են, հիմա էլ` եվրոպացիները դրեցին մինչեւ վերջ իրենց սեղմեցին, բաց են թողնում մի մասին: Գումարած դրան` մեր համաժողովրդական շարժման ճնշումը բերեց հասցրեց այս մասնակի քայլին», - համաներման փաստը մեկնաբանեց Մակեյանը:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում էին գտնվում ընդդիմության 2 կալանավորված ներկայացուցիչ` Պետրոս Մակեյանը ազատ արձակվեց, իսկ ազատամարտիկ Հարություն Ուռուտյանի վրա, ով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, համաներումը չտարածվեց:

Մակեյանին դիմավորելու էին եկել նույն գործով անցնող եւ երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված Աշոտ Զաքարյանը եւ Գեւորգ Ղազարյանը:

2.5 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում այսպես գնահատեց համաներման ակտը. - «Անընդունելի տարբերակ էր: Վստահ եմ` ոչ մեկը մեր քաղբանտարկյալ ընկերներից որեւէ հանցագործություն չի կատարել, որպեսզի երկրի, թեկուզեւ ոչ լեգիտիմ իշխանությունները, փորձեն ներման տարբերակով հանդես գալ»:

Հայ ազգային կոնգրեսի տվյալներով, հունիսի 23-ին կալանավայրերից համաներմամբ ազատ են արձակվել 4 ընդդիմադիրներ` Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Վահե Ղազարյանը, Գեւորգ Մանուկյանը, իսկ ընդհանուր առմամբ, համաներման գործընթացի արդյունքում ազատ են արձակվել կալանավորված ընդդիմադիրներից 19-ը:

Երեկ` հունիսի 22-ին, ազատ էին արձակվել 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմին աջակցող մի շարք ընդդիմադիրներ, այդ թվում` Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սմբատ Այվազյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Աշոտ Զաքարյանը, Գեւորգ Ղազարյանը եւ ուրիշներ:

Հայ ազգային կոնգրեսը բազմիցս հայտարարել է, որ 2008 թվականի հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրների թիվը 50-ից ավելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG