Մատչելիության հղումներ

Ռեզա Փահլավի. «Շարժումը չի' մահանա»


Ռեզա Փահլավին ասուլիս է տալիս Վաշինգտոնում, 22 հունիսի, 2009
Ռեզա Փահլավին ասուլիս է տալիս Վաշինգտոնում, 22 հունիսի, 2009

Իրանում գրեթե հեղափոխական մթնոլորտ է հաստատվել, - երկուշաբթի օրը Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում հայտարարել է Իրանի հանգուցյալ շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի ավագ որդին՝ նախկին թագաժառանգ Ռեզա Փահլավին:

«Հավատացնում եմ ձեզ` այս շարժումը չի' մահանա, մենք թույլ չենք տա, որ այն մահանա»,- արցունքներն աչքերին՝ ասել է 49-ամյա նախկին թագաժառանգը, ով Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Նա համարվում է Փահլավիների Տան առաջնորդ եւ թագաժառանգ, ուստի աջակիցները նրան անվանում են Նորին Կայսերական Մեծություն Ռեզա Շահ Երկրորդ, սակայն ինքը Ռեզա Փահլավին երբեք այդպես չի ներկայանում:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռեզա Փահլավին ասել է, թե ընդդիմության շարժման ձախողումը Իրանում խթան կդառնա ծայրահեղական շրջանակների համար: Նա համոզված է, որ Իրանի կառավարական շրջանակներում շատ պաշտոնյաներ պատրաստ են ընդվզել, արդեն կան ընդդիմադիրներին ճնշելու հրամանները չկատարելու դեպքեր:

Ռեզա Փահլավիի համոզմամբ` «գերագույն առաջորդ այաթոլա Ալի Խամենեին, որոշելով աջակցել Մահմուդ Ահմադինեջադին, ինքն իրեն ծուղակն է գցել. նոր ընտրություններ անցկացնելու պահանջին գումարվել է իսլամական ռեժիմից ընդհանրապես հրաժարվելու պահանջը»:

Ավելին, նախկին թագաժառանգի համոզմամբ, ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին վաղ թե ուշ պետք է որոշի, թե արդյո՞ք ինքը ռեժիմի պաշտպան է:

«Այլեւս հնարավոր չէ հավատարմություն դրսեւորել միաժամանակ ե՜ւ ռեժիմի, ե’ւ ժողովրդի հանդեպ, դրա ժամանակն անցել է», - ընդգծել է նախկին թագաժառանգը:

Ինչպես նշում է DPA-ն, որ Ռեզա Փահլավին բազմիցս վստահեցրել է, որ ինքն Իրանում աշխարհիկ խորհրդարանական պետություն ստեղծելու գաղափարի ջատագով է եւ միապետությունը վերականգնելու հավակնություններ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG