Մատչելիության հղումներ

Համաներումը կտարածվի՞ Սուքիասյանի եւ Փաշինյանի վրա

Իրավաբան Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանում է, թե արդյո՞ք հատարարված համաներումը տարածվում է հետախուզման մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա:

«Այն անձինք, ովքեր համաներման ընդունման պահին գտնվում են հետախուզման մեջ, նրանց վրա չի տարածվի այդ համաներումը: Բացառություն է նախատեսված այն անձանց համար, ովքեր մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Եթե գործը գտնվում է դատական վարույթում՝ դատարան: Այդ դեպքում համաներումը կտարածվի նաեւ նրանց վրա: Եթե չեն ներկայանա, ապա համաներումը նրանց վրա չի տարածվի», - ասաց Թովմասյանը:

Իրավական տեսանկյունից հնարավոր է նաեւ հետեւյալ իրավիճակը. այն ներկայացրեց հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորվածներից մի քանիսի գործերում ներգրավված պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը. - «Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ Նիկոլ Փաշինյանի վրա այնպիսի հոդվածներ են, որ այստեղ միայն հոդվածի վրա չէ, որ համաներումը տարածվում է, այլ պատժաչափի վրա: Այսինքն՝ պետք է դատարանով անցնի… դատարանը [առավելագույնը] 5 տարի տա, որ նոր համաներումը տարածվի»:

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մեղադրվում է 225 հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւս մեղադրվում է նույն հոդվածով, բացի այդ՝ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, ինչպես նաեւ 225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով պարզաբանեց նաեւ, թե արդյո՞ք այսօր ազատ արձակված պատգամավորները կարող են շարունակել իրենց աշխատանքն Ազգային ժողովում. - «Պատգամավորական լիազորության դադարեցման հիմքերը նախատեսված են Սահմանադրության 67-րդ հոդվածում, որի հիմքերից մեկը ազատազրկման դատապարտվելն է: Քանի դեռ նրանք ազատազրկման չեն դատապարտվել, բայց նրանց նկատմամբ կա քրեական հետապնդում, իրենք շարունակում են իրենց պատգամավորական լիազորությունները: Իրենք նկատմամբ այս պահին, ես որքան հասկանում եմ, փոխվել է խափանման միջոցը»:

Ըստ իրավաբանի, այսօր ազատ արձակված պատգամավորները կշարունակել մնալ օրենսդիրում այնքան ժամանակ, քանի դեռ նրանց նկատմամբ չկա ազատազրկման դատապարտվելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG