Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն վերանայում է Հայաստանի տնտեսության իր գնահատականը


Նինկե Օմես
Նինկե Օմես

«Առաջիկա օրերին մենք կհրապարակենք Հայաստանի տնտեսությանը վերաբերող մեր նոր` վերանայված գնահատականը, եւ հաշվի առնելով ներկա իրողությունները, այն, անշուշտ, ավելի բացասական պատկեր կներկայացնի, քան այն, որն արտացոլված էր մեր նախորդ կանխատեսման մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը:

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ Հայաստանի ՀՆԱ-ի անկումը տարվա ընթացքում կգերազանցի 5 տոկոսը: Մինչդեռ, արդեն երեկ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 5 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 15.7 տոկոսով:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին` մեկնաբանել արդեն երկնիշ թվերով չափվող տնտեսական անկումը, Նինկե Օմեսը արձագանքեց. - «Հարկ չկա կենտրոնանալ այդ ցուցանիշի վրա, ինչը երբեմն կարող է եւ խաբուսիկ լինել. Հայաստանը շատ փոքր երկիր է` փոքր տնտեսությամբ, եւ այստեղ տեղի ունենալիք` խոշոր դրամական ներդրում ենթադրող որեւէ գործարք կարող է կտրուկ փոխել պատկերն ու տնտեսական աճի բացասական ցուցանիշը փոխել դրականի»:

Հայաստանը արդեն իսկ ստացել է ռուսական 500միլիոն դոլարի կայունացնող վարկը, առաջիկայում մի շարք ծրագրերի շրջանակներում խոշորածավալ վարկեր են սպասվում նաեւ Համաշխարհային բանկից:

«Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչ տարվա վերջ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներն է’լ ավելի կվատթարանան», - այս հարցին Նինկե Օմեսը պատասխանեց. - «Ոչ, չենք կարծում, որ տարվա վերջում անկումը կլինի ավելին, քան 15 տոկոսը»:

Ի պատասխան խնդրանքի` մեկնաբանել վերջին շրջանում մեծ աղմուկ հանած` հարկային բարեփոխումների փաթեթը, որով, մասնավորապես, նախատեսվում էր հարկային մարմինների մշտական ներկայացուցիչներ ունենալ խոշոր տնտեսվարող ընկերություններում, ԱՄՀ-ի ներկայացուցիչը ընդգծեց. - «Ըստ էության, դա բավական անսովոր մոտեցում է, միջազգային պրակտիկայում դա ընդունված չէ: Այս պարագայում, անշուշտ, ավելի նախընտրելի կլիներ միջազգայնորեն ընդունված գործելաոճը: Միեւնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ Հայաստանում հարկերից խուսափելու հետ կապված մեծ խնդիրներ կան, եւ գուցե երբեմն հարկերը հավաքելու համար անսովոր մեթոդներ են անհրաժեշտ»:

Հարկահավաքման առավել արդյունավետ համակարգը Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչն այսպես է պատկերացնում. նախ` հարկ է, որ տնտեսվարողները, ըստ ռիսկայնության, դասակարգվեն երեք խմբի` փոքր, միջին եւ բարձր հարկային ռիսկայնության տնտեսվարողներ: Այսպես ասած` փոքրերի ստուգումները պետք է իսպառ դադարեցվեն. նրանց պարագայում բավական է միայն բավարարվել հազվադեպ` ընտրովի հարկային ստուգումներով: Մեղմ պետք է լինի վերաբերմունքը նաեւ միջինների նկատմամբ: Բարձր ռիսկայնության տնտեսվարողները, անշուշտ, պետք է գտնվեն հարկային մարմինների ուշադրության ներքո: Բայց նույնիսկ նրանց պարագայում ստուգումները չպետք է հաճախակի լինեն. հենց հաճախակի ստուգումներն են, որ, ըստ Նինկե Օմեսի, խափանում են աշխատանքներն ու նյարդայնացնում տնտեսվարողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG