Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյան. «Այս համաներումը իրականացվում է քաղաքական թեժ պայքարի ժամանակահատվածում»


Մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ կալանավորված անձինք, իրավաբան Հրայր Թովմասյանի կարծիքով, նույնիսկ ազատ արձակվելու դեպքում համաներումը չեն ընդունելու որպես քայլ դեպի երկխոսություն, որովհետեւ իրենց մեղավոր չեն ճանաչում, եւ դրա համար, իրավաբանի խոսքով` շատ դեպքերում «հիմքեր ունեն»:

«Այս համաներումը ունի իր առանձնահատկությունները այն առումով, որ այն իրականացվում է քաղաքական բավականին թեժ պայքարի ժամանակահատվածում, եւ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հոդվածներ են ամրագրված եւ ինչ խումբ անձանց վրա է սա տարածվում, հասարակական ընկալման մեջ գերիշխող է մնում այն, որ սա ուղղված է մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված մեղադրվող անձանց ազատ արձակելու հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը կարծիք հայտնեց Թովմասյանը:

Իրավաբանի մեկնաբանությամբ, քաղաքական իրադարձությունների բերումով Հայաստանում ստեղծել է մի իրավիճակ, երբ քաղաքական իշխանության եւ քաղաքական ընդդիմության միջեւ միմյանց ոչնչացնելու խնդիր է դրված:

«Այն մարդիկ, որոնք մեղադրվում էին մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված, եթե հիմա նույնիսկ ազատ արձակվեն, չեն ընդունելու դա որպես բարի կամքի դրսեւորում եւ քայլ դեպի երկխոսության գնալը, որովհետեւ իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում, ինչի համար շատ դեպքերում հիմքեր ունեն, որովհետեւ դատավարությունները ցույց տվեցին, որ խնդիրներ կան թե՛ նախաքննության առումով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների բովանդակության մեջ, թե՛ նրանց մասնակցության մեջ այդ ամբողջում», - ասաց Թովմասյանը:

Անդրադառնալով համաներման նշանակությանը` ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի հարցով ընդունված բանաձեւերի համատեքստում, իրավաբանը, մասնավորապես, ասաց. - «Սա իրենց կողմից առաջադրված միակ պահանջը չէր: Այսինքն, պետք է նայել համակցության մեջ, թե այլ պահանջների կատարումը ինչպես է եղել: Համաներումը ընդամենը դրա էլեմենտներից մեկն է: Եթե նայենք, այդ բանաձեւերը վերաբերում էին դեռեւս նախաքննության փուլին: Հիմա, սա այնուամենայնիվ ինչ-որ ձեւ է վիճակից դուրս գալու, եւ այդ մարդկանց ազատ արձակելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG