Մատչելիության հղումներ

Ալի Խամենեի. «Ընտրությունների արդյունքները փողոցում չեն որոշվում»


Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին դիմում է հավատացյալներին, 19-ը հունիսի, 2009 թ.
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին դիմում է հավատացյալներին, 19-ը հունիսի, 2009 թ.

Ընտրությունների արդյունքները կեղծված չեն` ուրբաթ օրը հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։ Ինչպե՞ս է հնարավոր 11 միլիոն ձայն կեղծել, դիմելով Թեհրանի համալսարանի մզկիթում հավաքված հավատացյալներին, ասել է Խամենեին` ակնարկելով քվեների այն տարբերությունը, որ կա գործող նախագահի եւ Միր-Հոսեյն Մուսավիի միջեւ։

«Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Պետք է հատուկ նշեմ, որ բոլոր չորս թեկնածուներն էլ հավատարիմ են այս պետությանը եւ վստահություն են վայելում։ Դա կարող եմ ասել թե՛ Մահմուդ Ահմադինեջադի, եւ թե՛ Միր-Հոսեյն Մուսավիի մասին։ Այդուհանդերձ, քաղաքական պայքարի բոլոր կողմերը արժանի են խիստ քննադատության իրենց բացասական պահվածքի համար», - ասել է Խամենեին:

Ինչպես եւ ակնկալում էին վերլուծաբաններից շատերը, Խամենեին Իրանում այսօր տեղի ունեցող հուզումների ողջ մեղքը բարդել է Իսլամական Հանրապետության թշնամիների վրա։

«Տեղի ունեցավ այն, ինչի մասին ես զգուշացնում էի դեռ ընտրություններից մի քանի ամիս առաջ` Մեշհեդում ունեցած իմ ելույթի ժամանակ։ Իրանական ազգի թշնամիները ցանկանում են կասկածի տակ դնել մեր պետության լեգիտիմությունը, մեր պետականության հիմքերը։ Դա շատ ավելի վտանգավոր է, քան բանկերի բաժանմունքներ կամ ավտոբուսներ հրկիզելը։ Ամերիկյան եւ բրիտանական ռադիոկայանները փորձում են ամեն ինչ ներկայացնել այն լույսի ներքո, թե իբր տեղի ունեցողը պայքար է Իսլամական Հանրապետության գործող համակարգի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ», - ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը:

«Իրականում ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը վստահում է պետական կառավարման համակարգին», - հայտարարել է Խամենեին։

Դիմելով բողոքի գործողությունների մասնակիցներին` Խամենեին կոչ է արել հանգստություն ցուցաբերել. - «Ընտրությունների արդյունքները փողոցում չեն որոշվում։ Սխալ է կարծել, թե փողոցային բողոքի ակցիաներով կարելի է հասնել ինչ-որ փոփոխությունների։ Եղեք համբերատար եւ փորձեք վերահսկել ձեր գործողությունները։ Ես երկու կողմին էլ կոչ եմ անում վերջ տալ բռնություններին»:

Հունիսի 12-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով` վերընտրվել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, չնայած իշխանությունների արգելքին, Իրանում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին, որոնք վերաճեցին բախումների: Նման բախումներից մեկի ժամանակ անցած երկուշաբթի Թեհրանում, Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, 7 մարդ զոհվեց:

Ընտրություններում Ահմադինեջադի հիմնական մրցակիցը` նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին պահանջում է նոր ընտրություններ անցկացնել:

Հունիսի 15-ին եւ 16-ին Իրանից դուրս գտնվող Իսլամական Հանրապետության քաղաքացիները ցույցեր են անցկացրել նաեւ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում:

Հատկանշական է, որ Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիները ընտրությունների օրը մեծ ակտիվություն են դրսեւորել: Երեւանում բացված ընտրատեղամասում, Իրանական Press TV հեռուստատեսության տվյալներով, քվեարկել է 1,625 մարդ: Ընդ որում` Ահմադինեջադի օգտին ձայն է տվել ընտրողներից 246-ը, իսկ Միր-Հոսեյն Մուսավին ստացել է 1,284 քվե:

Հայաստանում իրանցի ընտրողների ակտիվություն առավել ակնհայտ է դառնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվում քվեարկությանը մասնակցել է 34, Թբիլիսիում` 104, իսկ Երեւանից մի քանի անգամ ավելի շատ բնակչություն ունեցող Ստամբուլում` 1452 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG