Մատչելիության հղումներ

«Արեւելյան հարեւանները Եվրոպային են պատկանում ոչ միայն աշխարհագրական առումով»


«Պաշտոնական Վարշավայի արտաքին քաղաքականության հիմնարար առաջնահերթություններից մեկը արեւելաեվրոպական երկրների ժողովրդավարացմանն ու տնտեսական ձեւափոխմանն աջակցելն է», - The Wall Street Journal պարբերականի եվրոպական հրատարակության վերջին համարում լույս ընծայած հոդվածում գրել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

2009-ի գարնանը Եվրոպական խորհուրդը, ապա մայիսին Պրահայում` Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը հավանություն են տվել Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ համագործակցութունը ընդարձակելու մասին Շվեդիայի եւ Լեհաստանի առաջարկին:

Ռադոսլավ Սիկորսկու փոխանցմամբ` վեց երկրների ժողովրդավարական բարեփոխումներին նպաստելու համար ակտիվ ներգրավման հայեցակարգի հիմքում այն համոզումն է, որ տարածաշրջանի կայունությունն ու բարգավաճումը առանցքային նշանակություն ունեն ամբողջ աշխարհամասի համար:

«Եվրամիության արեւելյան հարեւանները Եվրոպային են պատկանում ոչ միայն աշխարհագրական առումով, այդ երկրների քաղաքացիները իրենց եվրոպացի են համարում, քանզի ունեն համատեղ կենսափորձ ու մշակույթ, բացի այդ, իր դերն է կատարում նաեւ այն գործոնը, որ նրանցից շատերը քրիստոնեական արմատներ ունեն», - գրել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը` հավելելով. - «Սակայն ի տարբերություն Եվրամիության երկրների՝ դրանցում չկա անհրաժեշտ աստիճանի ժողովրդավարություն, թույլ եւ անարդյունավետ են իրավական հաստատությունները, թերզարգացած է քաղաքացիական հասարակարգն ու տնտեսությունը»:

Սիկորսկին նշում է, որ թեպետեւ Եվրամիությանը այդ երկրների անդամակցության հարց օրակարգում դեռ չկա, Լեհաստանում համոզված են, որ դրա հեռանկարը պետք է բաց մնա:

«Ինչպես Լեհաստանի փորձն է վկայում, անդամակցության հեռանկարը բարեփոխումների հզոր խթան է », - գրել է Սիկորսկին` այդ համատեքստում անդրադառնալով նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններին:

«Որքան արագ լինի Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը Եվրամիության հետ, այնքան ավելի արագ Ռուսաստանն էլ կընտրի եվրոպամետ կողմնորոշումը», - կարծիք է հայտնել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG