Մատչելիության հղումներ

Խորհրդարանը քննարկում է համաներման հարցը


Ուրբաթ ժամը 12:00-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է համաներման հարցը:

Համաներման առաջարկությունը ներկայացրել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ում նախաձեռնությամբ էլ հրավիրվել է խորհրդարանի արտահերթ նստաշրջանը:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է միայն տվյալ հարցը:

Չորեքշաբթի օրը կայացած փակ նիստում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկությանը:

Նախագահի ներկայացրած առաջարկում նախատեսվում է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկվածներին։ Առանձին կետ կա նաեւ 2008 թվականի մարտի 1-2-ի հետ կապված, որում, մասնավորապես, նշվում է. - «Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը, ինչպես նաեւ նրանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը»:

Հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը լրագրողներին փոխանցել է, մասնավորապես, որ հարցեր է ուղղել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, եւ ըստ նախարարի պատասխանների` համաներումը կտարածվի շուրջ 2 հազար մարդու վրա, որոնցից մոտ 500-ը կհայտնվեն ազատության մեջ, մնացյալների պատժաժամկետները այս կամ այն կերպ կմեղմացվեն:

Դալլաքյանը հայտնել է նաեւ, որ ըստ նախարարի` համաներումը կառնչվի 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ մեղադրվողների եւ արդեն իսկ դատապարտվածների մոտ 90 տոկոսին:

«Իմ կողմից կոնկրետ հարցեր տրվեցին մեր 4 գործընկերների հետ կապված, նաեւ Գագիկ Ջհանգիրյանի եւ Սմբատ Այվազյանի հետ կապված: Պատասխանը հետեւյալն էր. Սասուն Միքայելյանի վրա չի տարածվի: Մնացածների վրա կտարածվի: Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը ազատություն կստանան», - նշել է Դալլաքյանը:

Մեղադրող կողմը պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի համար պահանջել է 6 տարվա ազատազրկում, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համար` 5, իսկ պատգամավոր Սասուն Միքայելյանի համար` 9 տարվա ազատազրկման պատժաչափ։ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ «Հանրապետություն» կուսակցություն քաղխորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը 2008-ի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել են, համապատասխանաբար, 3 եւ 2 տարվա ազատազրկման:

Սովորաբար համաներման ընթացակարգը տեւում է 1-ից մինչեւ մի քանի շաբաթ։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի, սակայն, այս համաներման գործընթացը պետք է ավարտվի առաջիկա սեպտեմբերի 30-ին։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նշել է, որ հետախուզման մեջ գտնվողները, որպեսզի համաներումը նրանց եւս առնչվի, նախ եւ առաջ պետք է վերադառնան, նրանց նկատմամբ պետք է կայացվի դատավճիռ, այնուհետեւ արդեն պարզ կդառնա, թե ինչ չափով համաներումը կարող է տարածվել կամ չտարածվել նրանց վրա:

Կոնկրետ Սասուն Միքայելյանի հետ կապված` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը պարզաբանել է. - «Բանն այն է, որ Սասուն Միքայելյանը մեղադրվում է մեկ այլ հոդվածով, որը սկզբունքորեն ոչ կիրառելի է դարձնում համաներումը նրան նկատմամբ»:

Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին, բացի Քրեական օրենսգրքի 225 հոդվածով` «զանգվածային անկարգություն կազմակերպելը», մեղադրանք է ներկայացվել նաեւ 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` «ապօրինի կերպով զենք կրելու» համար:

«Մարտի 1»-ի գործով ներկայումս հետախուզման մեջ են գտնվում Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, մինչդեռ, պահանջում է ազատ արձակել «բոլոր քաղբանտարկյալներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG