Մատչելիության հղումներ

Միկլոշ Հարաշտին Թուրքիայի իշխանություններին հորդորել է հանել լրագրողին ներկայացված մեղադրանքը


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին հինգշաբթի Թուրքիայի իշխանություններին հորդորել է հանել լրագրող Նեդիմ Սեներին ներկայացված մեղադրանքը, որը հարուցվել էր Հրանտ Դինքի սպանության մասին լրագրողական հետաքննական գիրք հրատարակելու համար։

Հարաշտին նաեւ կոչ է արել արագացնել մամուլի ազատությունները սահմանափակող օրենսդրության բարեփոխումները։

«Սեների դեմ քրեական գործ է հարուցվել շրջանցելով այն ազատությունները, որ ԵԱՀԿ պարտավորությունները եւ Եվրախորհրդի չափանիշները տալիս են քննադատական հրապարակումներին », - գրել է Հարաշտին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ուղղված նամակում։

Հարաշտին նշել է, որ լրագրողը քննադատաբար է գնահատել Հրանտ Դինքի սպանությանը հանգեցրած իրադարձությունները, դրանց հաջորդած գործի քննության ընթացքում տեղ գտած թերացումները։

«Քննդատության ենթարկված իշխանությունները չպետք է արդարադատությունը իջեցնեն վրեժխնդրության աստիճանի: Մամուլի ազատության պարտավորությունները կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ հետաքննական լրագրությունը լիարժեք պաշտպանվում է օրենքով, իսկ անճշտությունները, եթե կան` չեն քրեականացվում », - գրել է Հարաշտին:

«Թուրքիայում օրենքներ կան, որոնք կարող են սահմանափակել տեղեկատվության ու արտահայտվելու ազատությունները. Քրեական օրենսգիրքը, Մամուլի մասին եւ Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքները, ինչպես նաեւ ինտերնետի կարգավորման մասին վերջերս ընդունված օրենքը արդիականացնելու կարիք ունեն: Թուրքիան պետք է վերջ տա անցանկալի լուրեր հաղորդողներին պատժելուն, հանի Սեների դեմ մեղադրանքները եւ բարեփոխումներ իրականացնի` արտահայտվելու ազատությունը ապահովելու համար », - նշվում է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտիի նամակում:

«Միլիեթ» թերթի լրագրող Սեներին 28 տարվա ազատազրկում է սպառնում «Դինքի սպանությունը եւ հետախուզական ծառայության սուտը» գրքի համար։ Գիրքը պնդում է, որ անվտանգության ուժերը չեն կանխել հայտնի թուրքահայ լրագրողի սպանությունը 2007 թվականին։ Հեղինակը նշում է, որ այս գործում ներքաշված ժանդարմերիան, ոստիկանությունը եւ ազգային հետախուզական պաշտոնյաները անփութություն են դրսեւորել։

Հրանտ Դինքը հրապարակայնորեն քննարկում էր 1915 թվականին հայերի սպանությունները Օսմանյան Թուրքիայում, ինչը հակասում էր այդ իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայում ընդունված պաշտոնական մեկնաբանությանը: 2005 թվականին դինքը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածով` «թուրքերի ինքնությունը վարկաբեկելու համար»։

2007թվականի հունվարին Հրանտ Դինքը սպանվեց ծայրահեղ արմատականի կողմից։ Դինքի սպանության գործով մեղադրվողների դատավարությունը դեռեւս շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG