Մատչելիության հղումներ

Ի՞նչ ուսման վարձեր են գործում Հայաստանի պետական բուհերում


Երեւանում գործող պետական բուհերի ուսման վարձերը խիստ չեն տարբերվում միմյանցից: Բացի Հերացու անվան պետական բժշկական համալսարանից եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ուսման վարձի միջին տարբերությունը մոտ 100 հազար դրամ է կազմում:

Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) 2008-2009 թվականներին մի քանի ֆակուլտետների վարձը բարձրացել է՝ հոգեբանության ֆակուլտետում վարձը 350-ից 400 հազար դրամ է դարձել, ռուս բանասիրության ֆակուլտետում՝ 250-ից 300, լրագրության ֆակուլտետում 280-ից դարձել է 300:

ԵՊՀ-ի հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ խոսեց ԵՊՀ-ի վարած վարձային քաղաքականությունից. - «Ուսման վարձը գոյանում է պահանջարկից: Եթե այդ մասնագիտությունը պահանջարկ է վայելում, ապա դրա դիմաց վճարվող վարձը ավելի բարձր պիտի լինի»:

«Բնագիտական մասնագիտությունները շատ ծախսատար են, պետք են լաբորատորիաներ ու լաբորատոր սարքավորումներ: Գործնական աշխատանքներ կազմակերպելու համար մեծ գումար է ծախսվում: Հիմա այդ ամենը արվում է դրամաշնորհների միջոցով, համալսարանի ընդհանուր բյուժեից են գումարներ հատկացվում», - հավելեց նա:

ԵՊՀ-ում համեմատաբար թանկ արժե միջազգային հարաբերությունների գծով մասնագիտանալը` 500 հազար դրամ, տնտեսագիտության` 480 եւ մի շարք օտար լեզուների բանասիրության մասնագետ դառնալը` մոտ 450 հազար դրամ:

ԵՊՀ-ում ամենաթանկ կրթությունը տալիս է Իրավագիտության ֆակուլտետը՝ 700 հազար դրամ ուսման վարձով: Իրավագիտական կրթությունը էժան չէ նաեւ Մանկավարժական համալսարանում, որտեղ ուսման վարձերը 2009-ին, միջին հաշվով, տատանվում են 240-350 սահմաններում, մինչդեռ իրավագիտության բաժնում սովորելը արժե 550 հազար դրամ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսման վարձը բոլոր ֆակուլտետներում 400-450 հազար է, վարձը 50 հազարով ավելի է, օրինակ, հաշվապահական հաշվառում եւ միջազագային տնտեսական հարաբերություններ բաժնում: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բոլոր բաժիններում նույնպես նույն վարձավճարն է` 400 հազար դրամ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բոլոր մասնագիտությունների գծով ուսման վարձը 600 հազար դրամն է:

Հայաստանում ամենաբարձր ուսման վարձը Բժշկական համալսարանում է. բուժական գործ ու ստոմատոլագիա մասնագիտությունների գծով 800 հազար դրամ է, իսկ դեղագիտությունը 580: Այս համալսարանում արտասահմանցի ուսանողները ավելի շատ են վճարում:

Ամբողջ ՀՀ-ի տարածքում ամենացարծ ուսման վարձերը գործում են Գավառի պետական համալսարանում, սա եզակի պետական բուհերից է, որտեղ վարձը միանգամից 7 մասնագիտությունների գծով 200 հազարից պակաս է, չնայած այստեղ էլ Իրավագիտության ֆակուլտետի վարձը համարյա 500 հազար է: Իսկ Երեւանում միակ պետական բուհը, որը մի քանի մասնագիտությունների համար 200 հազարից պակաս վարձ է պահանջում, դա Հայաստանի պետական ագրարային համալսարանն է:
XS
SM
MD
LG