Մատչելիության հղումներ

Կոնգրեսի ենթահանձնաժողով. 48 միլիոն` Հայաստանին,10 միլիոն` Ղարաբաղին


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը չորեքշաբթի օրը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 48 միլիոն դոլարի տնտեսական օգնություն, իսկ Լեռնային Ղարաբաղին ` աննախադեպ` 10 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն:

Ենթահանձնաժողովը քվեարկել է նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարաչափ` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու օգտին:

Սպիտակ տունը մայիսին ներկայացրած բյուջեի նախագծով առաջարկել էր 38 տոկոսով կրճատել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալը եւ ընթացիկ տարվա 48 միլիոնի փոխարեն 2010 թվականին հատկացնել 30 միլիոն դոլար: Ադրբեջանին հատկացվող օգնությունը վարչակազմը առաջարկել էր ավելացնել 20 տոկոսով` ընթացիկ տարվա 18 միլիոնից հասցնելով 22.12 միլիոն դոլարի:

Կոնգրեսի ենթահանձնաժողովի հավանությանը արժանացած օրինագծում Ադրբեջանին հատկացվող օգնության ավելացում չի նախատեսվում:

Վարչակազմը առաջարկել էր Ադրբեջանին հատկացնել 4 միլիոն դոլարի, Հայաստանին` 3 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն, իսկ ռազմական ուսուցման եւ վարժանքների համար Հայաստանին տրամադրել Ադրբեջանին հատկացվելիք 900 հազար դոլարի ուղիղ կեսը, մինչդեռ երկու երկրներին հավասարաչափ ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ Սպիտակ տան եւ Կոնգրեսի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել դեռ 2001 թվականին:

Բացի այդ, վարչակազմի ներկայացրած բյուջեի նախագծում Լեռնային Ղարաբաղի համար օգնություն չէր առաջարկվում:

Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի ներկայացուցիչները այս տարվա ապրիլին առաջարկել էին Հայաստանի հատկացնել 70 միլիոն դոլարի տնտեսական, 5 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն, եւս 10 միլիոն դոլարի օգնություն` Լեռնայիյն Ղարաբաղին:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունել է ենթահանձնաժողովի երեկվա որոշումը` ընդգծելով, որ «ամերիկյան օժանդակությունը օգնում է մեղմել Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման հետեւանքները»:

«Այդուհանդերձ, Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է մտահոգ մնալ Հայաստանին հատկացվող օգնության ընդհանուր մակարդակով», - ասել է Արդունին` մատնանշելով, մասնավորապես, «Հազարամյանի մարտահրավեր» կորպորացիայի վերջին որոշումը Հայաստանում գյուղական ճանապարհների նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ:

Ենթահանձնաժողովի հավանությանը արժանացած օրինագիծը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովում կքննարկվի արդեն հաջորդ շաբաթ , իսկ Պալատի լիագումար նիստում քվեարկությունը ակնկալվում է մինչեւ Կոնգրեսի օգոստոսյան արձակուրդը:

2009 թվականի բյուջեի նախագծով Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկել էր Հայաստանին տրամադրել 24 միլիոն դոլարի տնտեսական օգնություն, ինչը 34 միլիոնով պակաս էր 2008 թվականի համար Կոնգրեսի հաստատածից: Կոնգրեսի երկու պալատներում քննարկումների արդյունքում, սակայն, օգնության ծավալը հասցվեց 48 միլիոն դոլարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG