Մատչելիության հղումներ

«Եվրամիությունը արեւելյան տարածաշրջանում զիջում է Ռուսաստանին»


Ճգնաժամերին ակտիվորեն հակազդելու փոխարեն իրականացվող դանդաղ բարեփոխումների ռազմավարության արդյունքում Եվրոպական միությունը տանուլ է տալիս արեւելյան հարեւանների տարածաշրջանում ազդեցության համար Ռուսաստանի հետ մղած պայքարը: Այդ եզրակացության են հանգել Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի փորձագետները:

Նրանց վերջին զեկույցում ասվում է, որ ծանրագույն հետեւանքներ են լինելու արեւելյան 6 հարեւանների՝ Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ հենց Եվրամիության համար այն դեպքում, եթե Եվրամիության ղեկավարները չբարելավեն իրենց աշխատանքը եւ չըմբռնեն այն իրողությունը, որ 6 երկրները հայտնվել են անկախություն հռչակելուց ի վեր քաղաքական եւ տնտեսական ամենախորը ճգնաժամում:

«Այդօրինակ անպատասխանատու անուշադրության հետեւանքով Եվրամիությանը կարող է սպառնալ եւս մեկ «օգոստոսյան անակնկալ», ինչպիսին անցյալ տարվա պատերազմն էր Վրաստանի հետ: Այս անգամ առիթ կարող են դառնալ, ասենք, ընտրությունները Մոլդովայում, կամ գազի շուրջ հերթական ճգնաժամը Ուկրաինայում»,- ասում են զեկույցը հեղինակած փորձագետները:

Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհուրդը համաեվրոպական առաջին վերլուծական կենտրոնն է: Ներկայումս խորհրդի համանախագահներն են Ֆինլանդիայի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, դիվանագետ Մարտի Ահտիսաարին, Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերն ու Նիդերլանդների Օրանժ-Նասաուի արքայազն Ֆրիսոյի կինը՝ իշխանուհի Մաբելը: Խորհրդի կազմում հեղինակավոր քաղաքական գործիչներ են եւ վերլուծաբաններ:

Զեկույցի հեղինակների համոզմամբ` «առանց Եվրամիությանը անդամակցության հեռանկարի տեսքով կարկանդակի Արեւելյան գործընկերության երկրների ձգտումը դեպի Եվրամիություն կանգ կառնի»:

«Պետք է հասկանալ. եթե Եվրամիությունը արեւելյան երկրներին չօգնի հաղթահարել ճգնաժամը, ապա դա կանի Ռուսաստանը», - գրում են փորձագետներ Էնդրյու Ուիլսոնն ու Նիկու Պոպեսկուն` հավելելով, որ Մոսկվան այդ տարածաշրջանում «իր տնտեսական փոքր մկաններով հմտորեն ապահովում է քաղաքական մեծ նվաճումներ»:

Ուիլսոնն ու Պոպեսկուն նշում են, որ «երկրները կարող են գոյատեւել առանց IKEA-ի (կահույք արտադրող ընկերության), բայց չեն գոյատեւի առանց գազի»:

«Բոլոր երկրներում կացությունը տարբերվում է, իսկ միավորողն այն է, որ տարածաշրջանում «բազմաճգնաժամային» վիճակ է՝ առկա է ե’ւ տնտեսական, ե’ւ քաղաքական, ե’ւ միջազգային ֆինանսական ճգնաժամ, Ռուսաստանի հզորացող ճնշում եւ այլ գործոններ», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Էնդրյու Ուիլսոնը:

Փորձագետները Եվրամիությանն առաջարկում են հարեւանների հանդեպ իրականացնել առավել դինամիկ եւ ամեն մի երկրի յուրահատկությունները հաշվի առնող քաղաքականություն, էապես ազատականացնել վիզային ռեժիմը եւ, չզիջելով սկզբունքներն ու շահերը, Ռուսաստանի հետ համագործակցել տարածաշրջանը առավել կայուն դարձնելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG