Մատչելիության հղումներ

Կարկուտը վնասել է Լոռու մարզի գյուղերը


Անցած օրերին տեղացած կարկուտն ու ուժեղ քամին վնաս են հասցրել Լոռու մարզի Սպիտակի ու Տաշիրի տարածաշրջանների գյուղերին: Լոռու մարզպետարանը առայժմ ճշտում է տուժած համայնքների թիվը, հաշվարկում է վնասի չափը:

Կարկուտն ու քամին շարունակվում էին նաեւ երեկ: Տուժել են Արջահովիտ գյուղի ցանքատարածությունների, տնամերձ հողամասերի ու այգիները մեծ մասը: Արջահովիտցի Նիկոլայ Ոսկանյանն ասում է, թե անցած 20 տարում նման աղետ գյուղում չէր եղել:

«2000 մետր կարտոֆիլ, 500 մետր լոբի, 500 մետր պոմիդոր... 6000 մետր այգի ունեմ, ոչ մի բան չի մնացել, փչացել են: Կարտոֆիլը 50 սանտիմետր բարձրացել էր, ծաղկելու վրա էր: Ո՞նց կարող է բերք լինի, դրանից ի՞նչ բերք սպասես», - վնասներն է հաշվում Նիկոլայ Ոսկանյանը:

Նրա հարեւանները եւս տուժել են. «Ազատություն» ռադիոկայանին պատմեցին փչացած ծիլերի, կորցրած բերքի մասին:

Արջահովիտի գյուղապետ Մհեր Մինասյանի նախնական հաշվարկներով, վնասվել է ցանքսի 70 տոկոսը: Գյուղում չկա մի տուն, որ վնաս կրած չլինի:

Չնայած տեղական բյուջեի սղությանը` գյուղապետը պատրաստ է եղած հնարավորությունների սահմաններում փոխհատուցել գյուղացիների վնասի գոնե մի փոքր մասը:

«Նույնիսկ մեր կողմից տրվող 5 հազար դրամ օգնությունները չեն կարող օգնել գյուղացուն», - վնասի փոխհատուցման իր հնարավորոթյուններն է ներկայացնում գյուղապետ Մհեր Մինասյանը:


Կարկուտից տուժել են նաեւ գյուղի տներն ու անասնագոմերը: Վարդանյանների անասնագոմից մնացել են պատերն ու սատկած հավերը: Կովերը անասնագոմում չէին:

«Իրիկնադեմին ուժեղ քամի արեց, տվեց գոմի պատը քանդեց», - պատմեց Հայկ Վարդանյանը:

Գյուղացիները չեն հավատում, որ կառավարությունը կփոխհատուցի կրած վնասների գոնե մի մասը:

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ասում է, թե իր շրջայցի ժամանակ գյուղացիները ոչ թե կոնկրետ օգնության են սպասում, այլ խնդրի համակարգային լուծման: Մարզպետի խոսքով, կարկուտից պաշտպանվելու միակ տարբերակը հակակարկտային կայանների տեղադրումն է, սակայն «այդ միջոցները դեռեւս տեսանելի չեն»: Այդուհանդերձ, Քոչարյանը վստահ է, որ հաջորդ տարի կառավարությունը միջոցներ կգտնի հակակարկտային կայանների տեղադրման ծրագիրն իրականացնելու համար:

Կառավարության որոշմամբ, 2008 թվականին մեկնարկել էր հանրապետության մարզերում գազագեներատորային կայանների տեղադրման ծրագիրը: Լոռիում այդ կայանները նախատեսվում է տեղադրել հաջորդ տարի՝ 24 համայնքներում: Պետական միջոցներից կայանների տեղադրման համար կծախսվի 120 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG