Մատչելիության հղումներ

Համազեկուցողներին հիմնականում հետաքրքրում է համաներման գործընթացը


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոր Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, Երեւան, 16-ը հունիսի, 2009թ.
Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոր Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, Երեւան, 16-ը հունիսի, 2009թ.

Երկուշաբթի ուշ երեկոյան Երեւան ժամանած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն երեքշաբթի առավոտյան ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ հանդիպմանը կարեւորել են ակնկալվող համաներմանն առնչվող հարցերը:

«Նրանց հիմնական մտահոգությունը հենց դա էր՝ համաներում արդյոք լինելո՞ւ է, թե՞ չի լինելու, ինչպիսի՞ն են համաներման պայմանները լինելու, արդյո՞ք համաներում կազդի այս վեցի գործի վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նա նաեւ որոշ մանրամասներ ներկայացրեց հանդիպումից. - «Հիմնականում հարցերը տրվում էին Կոլոմբիեյի եւ Պրեսկոտի կողմից, որոնց պատասխանում էին Դավիթ Հարությունյանը եւ տիկին Նաիրա Զոհրաբյանը [«Բարգավաճ Հայաստան»]: Իհարկե, ինձ քիչ ժամանակ տվեցին: Նաեւ պատրաստել էի փաստաթղթեր. մեկը վերաբերում էր Փաստահավաք խմբի գործունեության տապալմանը, եվ մեկ այլ փաստաթուղթ, որով նկարագրվում էր, թե Հայաստանի իշխանությունները ինչպես չեն կատարել եւ որեւիցե գործուն միջոցներ չեն ձեռնարկել, որպեսզի իրականացնեն ստանձնած պարտականությունները»:

Մարտի 1-ի 10 զոհերի մահվան չբացահայտված հանգամանքների թեման առանցքային է եղել համազեկուցողների եւ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ հանդիպմանը։

«Ես տեղեկացրել եմ, որ, ցավոք սրտի, մահվան հանգամանքների հետ կապված հանձնաժողովը չի կարողացել իր առջեւ դրված խնդիրները կատարել», - ասաց Նիկոյանը։

Ո՞ր հարցն է եղել առաջնահերթ համազեկուցողների եւ Հայաստանի առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի` 1,5 ժամից ավելի տեւած հանդիպմանը, որին մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։ Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ համաներման թեմայի առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ պետք է անհապաղ ազատ արձակել ընդդիմադիրներին. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը այս հանդիպմանը նույնպես առանձնահատուկ կերպով խոսել է դրա մասին»։

«Հայաստանում ժողովրդավարության վիճակը՝ այն, ինչի համար պայքարում է Հայ ազգային կոնգրեսը, նույնպես եղել է սեղանին, եւ դրա շուրջ ենք խոսացել համազեկուցողների հետ», - հավելեց Կարապետյանը։

Համազեկուցողները երեքշաբթի օրը հանդիպել են նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշված է, որ Աղվան Հովսեփյանը նրանց եղեկացրել է, թե «մարտի 1-ի առիթով հարուցված քրեական գործերի նախաքննության ժամանակ խորթ մեթոդների մասին վկաների դատարանում հնչեցրած հայտարարությունները դարձել են քննության առարկա»։

Ավելի ուշ ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողներին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն «ողջունել են համաներման գործընթացի վերաբերյալ երկրի ղեկավարի նախաձեռնությունը». - «Նրանք նաեւ հետաքրքրվել են համաներում հայտարարելու ընթացակարգով, անդրադարձել ժամկետներին եւ ընդգրկման ծավալներին»:

Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն հանդիպել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG