Մատչելիության հղումներ

Իրադարձությունները Իրանում արյունալի ընթացք են ստացել


Թեհրան, 15 հունիսի, 2009
Թեհրան, 15 հունիսի, 2009
Երկուշաբթի օրը Թեհրանում մարդիկ են զոհվել բողոքի բազմամարդ ցույցի ժամանակ: Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ` 7 հոգի զոհվել է, երբ չարտոնված ցույցի ժամանակ փորձ է արվել հարձակում գործել ռազմական հենակետի վրա: Կան բազմաթիվ վիրավորներ:

Բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են հունիսի 12-ի նախագահական ընտրություններից հետո, երբ հարյուր հազարավոր մարդիկ բողոքի դուրս եկան մայրաքաղաք Թեհրանում` վիճարկելով նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն` գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը վերընտրվել է:

Միջազգային հանրությունը արձագանքում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին: Իրանի հետընտրական իրադարձությունները այս օրերին միջազգային հանրության ուշադրության կիզակետում են: Ընտրություններից անմիջապես հետո իրենց կարծիքը հնչեցրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանան, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը: Երեքշաբթի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մասնավորապես, արյունալի դեպքերից հետո իր առաջին հանրային ելույթում ասել է, որ խորապես անհանգստացած է Իրանում կատարված բռնության կապակցությամբ:

«Ես խորապես անհանգստացած եմ այն բռնությամբ, որ մենք տեսնում ենք հեռուստացույցով: Կարծում եմ, որ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը եւ հանդուրժողականությունը համընդհանուր արժեքներ են եւ պետք է պահպանվեն», - հայտարարել է Օբաման` հավելելով. - «Կարծում եմ, սխալ կլիներ այժմ լռել այն ամենի մասին, ինչ մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ վերջին օրերի ընթացքում: Մարդկանց, ովքեր այնքան հույս, եռանդ եւ լավատեսություն են ներդնում քաղաքական գործընթացում, ես կասեի, որ աշխարհը նայում է նրանց եւ ոգեշնչված է նրանց մասնակցությամբ` անկախ ընտրությունների վերջնական արդյունքներից»:

Բեռլինում կայացած մամուլի ասուլիում Իրանում հետընտրական իրադարձությունների մասին խոսել է նաեւ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Ստեյնմեյերը: Նա կոչ է արել դադարեցնել ցուցարարների հանդեպ բռնությունը անվտանգության ուժերի կողմից:

«Անվտանգության ուժերը պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար: Իմ եվրոպացի գործընկերների հետ միասին ես կրկին համոզմունք եմ հայտնում, որ ընտրությունների ընթացքում ակնհայտ խախտումներ են եղել»:

Պաշտոնական Իրանը արձագանքել է միջազգային հանրության կողմից հնչեցվող գնահատականներին: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այսօր խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է. - «Ներկա պայմաններում որոշ երկրներ հապճեպ եզրակացություններ են անում եւ փորձում են վերջին իրադարձությունների վերաբերյալ այլ պատկեր ներկայացնել: Լավ կլինի, որ ամերիկացիները չմտահոգվեն Իրանի ընտրությունների մասին: Այսօր ամերիկացիները պետք է մտահոգվեն այն մասին, թե ինչպես հարթեն անցյալի քաղաքական սկանդալները Մերձավոր Արեւելքում»:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, մինչդեռ, Իրանում չէ. երեքշաբթի օրը նա մեկնել է Եկատերինբուրգ` մասնակցելու Շանհայան համագործակցության կազմակերպության հավաքին: Ահմադինեջադն պետք է Եկատերինբուրգ մեկներ դեռ նախօրեին, սակայն այցը հետաձգել էր բողոքի ցույցերի պատճառով, որոնք համարվում են ամենազանգվածային հակակառավարական ցույցերը Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդը երեքշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է նախագահական ընտրությունների քվեների վերահաշվարկ կատարել: Պահապանների Խորհուրդը հնարավոր է համարել, որ վերահաշվարկը փոփոխություն մտցնի թեկնածուների արդյունքներում:

Նախագահական ընտրություններում Ահմադինեջադի հիմնական մրցակից Միր-Հոսեյն Մուսավին դիմել է Պահապանների խորհրդին ընտրությունները չեղյալ համարելու համար, սակայն ասել է նաեւ, որ լավատես չէ Խորհրդի ակնկալվող որոշման առնչությամբ: Ե՛վ Մուսավին, ե՛ւ ազատական մյուս թեկնածուն` Մեհդի Քարրուբին, հայտարարել են, որ իրենք նոր ընտրություններ են պահանջում, ոչ թե մի քանի քվեատուփերի վերահաշվարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG