Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը ՀԱԿ-ի ներկայացրած պլատֆորմը կքննարկի «շաբաթվա ընթացքում»


Առաջիկա օրերին «Ժառանգություն» կուսակցությունը կքննարկի Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից ներկայացված 12 կետերից բաղկացած պլատֆորմի շուրջ համագործակցության հարցը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեքշաբթի լրագրողներին ասաց, որ կուսակցության տարբեր անդամներ արդեն իսկ դրականորեն են արտահայտվել այդ պլատֆորմի մասին:

«Այս շաբաթվա ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունը կքննարկի եւ կձեւակերպի իր օրակարգը, որպես առաջիկա բանակցությունների համար սեղանին դրվելիք փաստաթուղթ, բայց, միանշանակ, այդ կետերից շատերը եղել եւ մնում են նաեւ «Ժառանգություն» կուսակցության օրակարգի հարցեր», - ասաց Սաֆարյանը:

Մասնավորեցնելով` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նշեց քաղբանտարկյալների ազատ արձակման, «Մարտի 1»-ի բացահայտմանը առնչվող կետերը:

«Իսկ թե կոնկրետ լուծումների առումով ի՞նչ համատեղ եզրակացությունների կգանք` ես կարծում եմ դա բանակցությունները ցույց կտան», - նշեց Սաֆարյանը` կարծիք հայտնելով, որ ընդդիմադիր դաշտը հարկադրված է վերանայել գործունեության հիմնարար մոտեցումներն ու սկզբունքները, փորձել ձեւավորել քաղաքական եւ բարոյահոգեբանական նոր միջավայր:

«Ուղղակի այսպիսի մթնոլորտում հույսեր փայփայել, թե երբեւէ ընտրության միջոցով հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել, պարզապես կդառնա ուտոպիա», - հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Հունիսի 12-ի հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ընդդիմադիր ուժերին կոչ էր արել միավորվել 12 կետերից բաղկացած պլատֆորմի շուրջ, որում, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման եւ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի պահանջից բացի, առաջարկվում էր բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին, ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով, կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ «հարկային տեռորի զոհ» դարձած գործարարներին: Առաջարկվում էր նաեւ անհապաղ վերաբացել Ա1+ հեռուստակայանը, դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների խոչընդոտման «հանցավոր» պրակտիկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG