Մատչելիության հղումներ

Նախագահը առաջարկում է համաներում հայտարարել


Ազգային ժողովը հունիսի 19-ին կքննարկի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը համաներում հայտարարելու մասին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ուրբաթ օրը ժամը 12:00-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջան գումարելու մասին որոշումը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Երկրի նախագահի նախաձեռնությամբ գումարվող նստաշրջանի օրակարգում ընդգրկված է միայն համաներման հարցը:

Ըստ Սերժ Սարգսյանի հանձնարարության, համապատասխան գերատեսչությունները մինչեւ հունիսի 15-ը պետք է ներկայացնեին իրենց առաջարկությունները համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ:

Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը հունիսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ ամփոփվում է եւ երեքշաբթի օրը կհայտարարվի, թե համաներման անհրաժեշտության կապակցությամբ քանի եւ ինչպիսի առաջարկություններ է ստացել նախագահի գրասենյակը:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, երեքշաբթի օրը ընդունելով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, ասել է, որ ըստ ամենայնի, հնարավոր համաներումը կտարածվի նաեւ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվածներից շատերի վրա:

«Շոշափվել է մարտի 1-2-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու, դրանք կազմակերպելու համար դատապարտված անձանց նկատմամբ հնարավոր համաներման կիրառմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ըստ ամենայնի հնարավոր համաներումը կտարածվի նաեւ նշված արարքները կատարելու համար դատապարտված շատ անձանց վրա», - ասված է ԵԽԽՎ-ի համազեկուցողների հետ Աղվան Հովսեփյանի հանդիպման վերաբերյալ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ավելի ուշ նախագահի մամլո գրասենյակը տարածեց Սամվել Ֆարմանյանի պատասխանները «Արմենպրես»-ի հարցերին:

«Համաներում հայտարարելու նախագահի առաջարկությունը, որ առաջիկայում կքննարկվի խորհրդարանում, մանրամասնորեն սահմանում է համաներման բոլոր պայմանները։ Նախագահի առաջարկությունում մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց եւս անդրադարձ կա», - ասել է, մասնավորապես, Հայաստանի նախագահի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG