Մատչելիության հղումներ

Ահմադինեջադը ժամանեց Եկատերինբուրգ


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեքշաբթի օրը ժամանել է Եկատերինբուրգ, որտեղ գումարվում է Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը եւ Բրազիլիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի ու Չինաստանի ոչ պաշտոնական հավաքը: Եկատերինբուրգի հանդիպումներին հրավիրված են նաեւ Աֆղանստանի եւ Պակիստանի ղեկավարները:

Ի սկզբանե նախատեսված էր, որ Իրանի ղեկավարը Եկատերինբուրգ է մեկնելու երկուշաբթի օրը, սակայն այցը հետաձգվել էր, ենթադրաբար, հունիսի 12-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների պատճառով:

Երկուշաբթի օրը որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, թե Մահմուդ Ահմադինեջադը ընդհանրապես չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Ռուսաստան, սակայն ավելի ուշ ստացվեց մեկ այլ հաղորդագրություն. ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մի դիվանագետ, որը չէր ցանկացել հրապարակել իր անունը, ասել էր, որ «Ահմադինեջադը անձնական հանգամանքների բերումով չէր կարող հունիսի 15-ին ժամանել Եկատերինբուրգ, սակայն այցը չեղյալ չի հայտարարվում, նա կժամանի հունիսի 16-ին»:

Կացությունը Իրանում անկայուն է մնում: Անցյալ ուրբաթ օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող է հռչակվել գործող նախագահ Ահմադինեջադը, ով, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է քվեների 62 տոկոսը: Նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին քվեների 34 տոկոսն է ստացել: Նա պնդում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները: Երկրում տեղի են ունենում ցույցեր եւ ընդհարումներ:

Իրանի գերագույն ղեկավար այաթոլա Ալի Խամենեին Պահապանների խորհրդին կարգադրել է ստուգել ընտրակեղծիքների մասին ընդդիմության ներկայացրած փասերը: Պահապանների խորհուրդը տասնօրյա ժամկետում պետք է հրապարակի իր որոշումը:

Շանհայան համագործակցության գագաթնաժողովի օրակարգում տարածաշրջանի անվտանգության եւ մարդասիրական բնագավառում համագործակցության հարցեր են: Ենթադրվում է, որ երեքշաբթի օրը կստորագրվի Եկատերինբուրգյան հռչակագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG